Կինոակադեմիայի ողջ կազմը շատ տարակուսելի է․ ինչու անտեսվեց «1489» ֆիլմը
copy image url

Կինոակադեմիայի ողջ կազմը շատ տարակուսելի է․ ինչու անտեսվեց «1489» ֆիլմը

Ներքին Մշակույթ 6 ամիս առաջ - 16:50 16-10-2024
2025 թվականի Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» 97-րդ մրցանակաբաշխությանը Հայաստանի կողմից «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում կներկայացվի ռեժիսոր էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը։

Հայկական ազգային կինոակադեմիան կարծում է, որ «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը հավակնում է Օսկարին ավելի, քան Արցախյան 44-օրյա պատերազմի մասին պատմող, ռեժիսոր Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը։

Ինչո՞ւ է անտեսվում «1489» ֆիլմում պատկերված հայկական պատմությունը, որն ամենաբարձր մակարդակով գնահատվեց, օրինակ՝ Ամստերդամում, հաղթող ճանաչվելով IDFA փառատոնում։

Հայ կինոյի փառատոնային պատմության մեջ սա աննախադեպ ձեռքբերում էր։ Եվ ոմանց կարծիքով՝ ավելի պատվաբեր կլինի, եթե համաշխարհային մրցանակաբաշխությանը ներկայացվի հայ-ռուսական համատեղ արտադրության հայկական այս ֆիլմը։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ «1489» ֆիլմի ռեժիսոր Շողակաթ Վարդանյանից, սակայն վերջինս հրաժարվեց Օսկարի վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ։

Կոնկրետ Օսկարի վերաբերյալ մեկնաբանություն տալուց հրաժարվելը տեղիք է տալիս ենթադրելու, որ ռեժիսորը այնքան էլ հաշտ չէ Հայկական ազգային կինոակադեմիայի որոշման հետ։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբնություն ստանալու նպատակով զրուցեց նաև կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի հետ, ում կարծիքով՝ ստրատեգիական, մասնագիտական առումով՝ ճիշտ կլիներ Օսկարին ներկայացնել այն ֆիլմը, որը պատմում է այսօրվա Հայաստանի խնդիրների մասին, քանզի Օսկարը տալիս է այդ բնական հնարավորությունը ներկայացնելու երկրի լավագույն կինոարտադրանքը։

«Օսկարը ունի իր չափորոշիչները և այդ չափորոշիչներով Հայաստանը պետք է ֆիլմը ներկայացներ օգոստոս ամսին, և օգոստոս ամսին Հայաստանը իր որոշումը կայացրեց։ Հիմա պահանջել չեղարկում և ֆիլմը հետ կանչել, ուղարկել ուրիշ ֆիլմ, որն ավելի լավն է, դա պարզապես կնշանակի՝ չտիրապետել Օսկարի կարգավորումներին։

Հայաստանը կարող է հետ կանչել իր ֆիլմը, ինչով իրեն կդնի շատ ավելի վատ վիճակի մեջ։ Բայց նոր ֆիլմ այլևս Օսկար չի գնա, քանի որ ժամկետը բաց է թողնված։

Չգիտեմ, թե ինչու է կինոակադեմիան այդպիսի որոշում կայացրել։ Ես կինոակադեմիայի անդամ չեմ, մեր ֆեդերացիայից ոչ ոք անդամ չէ։ Ես ճանաչում եմ կինոակադեմիայի նախագահին, վստահում եմ իր գործունեությանը։ Բայց կինոակադեմիայի ողջ կազմը շատ տարակուսելի կազմ է, իրենք չեն հասկանում ակտուալ կինոն։ Եթե դու ունես Շողակաթի ֆիլմը և մեկ ուրիշ ֆիլմ իր կողքին, դու պետք է ընտրես Շողակաթի ֆիլմը Օսկարում ներկայացնելու համար, քանի որ այն ակտուալ ֆիլմ է, Հայաստանի այսօրվա մասին պատմող ֆիլմ է»,-ասաց Գալստյանը։

Նրա խոսքով՝ արվեստն արվեստ չէ, եթե այն մարտահրավեր չի նետում, խնդիր չի բարձրաձայնում։

«Շողակաթի ֆիլմը խնդիր էր բարձրաձայնում։ Ցավոք, երկու ֆիլմն էլ չեմ տեսել։ Բայց վստահ եմ, որ Էդգարի ֆիլը վատը չէ, նա լավ ռեժիսոր է։ Սակայն, իմ կարծիքով՝ որոշումը պետք է լիներ ակտուալ կինոյի օգտին։ Ես անգամ այս աղմուկին լավ չեմ վերաբերվում, որովհետև կարծես՝ անընդհատ հարվածներ են ուղղում մի ֆիլմին, որն ընտրել են։ Այդ ֆիլմը մեղք չունի, որ իրեն ընտրել են։

Մենք վաղուց գիտենք, որ մեզ դրսում ավելի շատ են գնահատում, քան ներսում։ Շողակաթին մաղթում եմ, որ նա հնարավորինս արագ անի իր երկրորդ ֆիլմը։ Շողակաթի ֆիլմը Օսկարին ուղարկելը այնքան իրեն պետք չէր, ինչքան Հայաստանին»,- եզրափակեց Հովհաննես Գալստյանը։

Հիշեցնենք, որ «1489» Ֆիլմի սյուժեի ժամանակագրական շրջանը 2020-2022թթ է։ 44-օրյա պատերազմի յոթերորդ օրն անհետ կորած Սողոմոնի՝ Շողակաթի եղբոր, որոնման պատմությունն է։ «1489»-ը Սողոմոնի մասունքներին տրված համարն է։

Գոհար Անանյան

Ձեզ գուցե հետաքրքրի