Քննչական կոմիտեի նախագահ Արգիշի Քյարամյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության այն ներկայացուցիչներից է, ովքեր այս տարիների ընթացքում հասցրել են ամենամեծ թվով պաշտոնները փոխել.
Քյարամյանը 2018-ի հունիսին պաշտոնի է նշանակվել ՊԵԿ-ում, ղեկավարել է մի քանի վարչություններ, 2019-ի մարտի 1-ից աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ղեկավարի տեղակալ, ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող։ 2020-ի մայիսի 4-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հաջորդ օրը՝ մայիսի 5-ին, պաշտոնանկ արվել և նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ, մեկ ամիս անց՝ հունիսի 8-ին՝ ԱԱԾ տնօրեն, որից ազատվել է 44-օրյա պատերազմի ընթացքում։ Պատերազմից անմիջապես հետո՝ 2020-ի դեկտեմբերի 24-ին, նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, 2021-ի հուլիսի 12-ին՝ ՔԿ նախագահ։
Քննչական կոմիտեի նախագահը երեկ աչքի ընկավ խորհրդարանում, երբ իր և ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի վեճը քիչ էր մնում վերածվեր ծեծկռտուքի։
Oragir.News-ն ուսումնասիրել է Արգիշտի Քյարամյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Քյարամյանի և նրանց հետ համատեղ բնակվող Լարիսա Գրիգորյանի հայտարարագրերը․
Արգիշտի Քյարամյանը հայտարարագրել է 9 անշարժ գույք՝ միանձնյա սեփականությամբ 5 հողամաս, որոնցից 3-ը Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում, 1-ը՝ Կոտայքի մարզի Ջրվեժ, մյուսը՝ Ծաղկաձոր համայնքներում, որոնք նա նվիրատվություն է ստացել 2016 թվականի հունվարի 11-ին և փետրվարի 5-ին, միանձնյա սեփականությամբ 2 առանձնատուն՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Երանոսում, որոնք կրկին նվիրատվություն է ստացել 2016-ին, համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որը գնել է 2010 թվականի հուլիսի 22-ին, ինչպես նաև միանձնյա սեփականությամբ 1 ավտոտնակ՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը նա գնել է 2011-ի մայիսի 10-ին։ Տարեվերջին Քյարամյանի անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։
Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2014 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2017 թվականի օգոստոսի 17-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։
Քյարամյանը ունեցել է նաև 10․000 դոլար և 1․494,28 անվանական արժեքներով 2 ավանդ, որոնցից առաջինը տարեվերջին պահպանվել է, երկրորդը՝ զրոյացել։
Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 23․578,5 դրամ, տարեվերջին՝ 1․084․746,9 դրամ և 54 եվրո։ Բացի այդ, նա ունեցել է խոշոր կանխիկ գումար․ տարեսկզբին 42 մլն դրամ և 50․000 դոլար, տարեվերջին՝ 52 մլն դրամ և 50․000 դոլար։
Արգիշտի Քյարամյանի տարեկան եկամուտները կազմել են 27․820․686,79 դրամ, 27․574․123 դրամը Քննչական կոմիտեից ստացած աշխատավարձն է, 632․15 դոլարը՝ Ամիօ բանկին տրված փոխառությունների դիմաց ստացած եկամուտը։
Վերջինս իր տարեկան եկամուտներից 3․544․000 դրամ հատկացրել է հանգստի համար կատարվող ծախսերին, 2․200․000 դրամ էլ՝ ուսման կամ այլ դասընթացների համար կատարվող վճարներին։
ՔԿ նախագահի կինը՝ Ռուզաննա Քյարամյանը, շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։
Միևնույն ժամանակ նա առտրային բանկերում ունեցել է 6 ավանդ, որոնց ընդհանուր արժեքը տարեսկզբին կազմել է 18․315,05 դոլար և 188․000 դրամ, տարեվերջին՝ 20․178,98 դոլար և 3․438․000 դրամ։
Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 12․070․1 դրամ, տարեվերջին՝ 332․291,9 դրամ։ Բացի այդ, նա նաև ունեցել է 27 մլն դրամ և 47․000 դոլար կանխիկ դրամ, որը տարեվերջին կազմել է 27 մլն դրամ և 49․000 դոլար։
Ռուզաննա Քյարամյանի տարեկան եկամուտը կազմել է 243․328,28 դրամ, որը գոյացել է Արարատ բանկին տրված փոխառությունների դիմաց ստացված եկամուտից։
Արգիշտի Քյարամյանի մայրը՝ Լարիսա Գրիգորյանը, անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանում, որը նա ժառանգություն է ստացել 2010 թվականի հուլիսի 22-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։
Նա առևտրային բանկերից մեկում ունեցել է 75․000 դոլար ավանդ, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։
Գրիգորյանի բանկային հաշիվներն ամբողջ տարի դատարկ են եղել, կանխիկ գումար նույնպես ՔԿ նախագահի մայրը չի հայտարարագրել։
Վերջինիս տարեկան եկամուտը կազմել է 280․080,14 դրամ, որը ԱՄԻՕ բանկին տրված փոխառությունների դիմաց ստացված եկամուտն է։