ԵՊՀ տարածքը զավթել են․ ռեկտորը լուռ է

Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 18:57 03-10-2024
Երևանի պետական համալսարանի «Սև շենքի» անմիջապես հարևանությամբ՝ Աբովյան 52 հասցեում, ակտիվ շինարարություն է ընթանում, որի հետևանքով կառուցապատողը զավթվել է ԵՊՀ մասնաշենքի ավտոկայանատեղիի մի հատվածը։

Oragir.News-ն այսօր եղել է նշված վայրում և նկարահանել աշխատանքների ընթացքն ու առկա պատկերը։

ԵՊՀ «Սև շենքի» բակի ավտոկայանատեղիի 1 մետրից ավելի հատված ցանկապատվել է կառուցապատող ընկերության կողմից, դրա մի մասը՝ ասֆալտը, քանդել և շինարարույթուն են իրականացնում։

Նկարահանման պահին ժամանեց շինարարական ընկերության աշխատակից, ներկայացավ որպես պատասխանատու, սակայն հրաժարվեց տեսախցիկի առջև հարցերի պատասխանել, միայն նշեց, որ քանդված հատվածը շենքի կառուցումից հետո վերականգնվելու է, «լիցք է արվելու»։

«Սա համալսարանի տարածքը չէ, եթե հարց ունեք, ապա դիմեք համալսարանի ղեկավարությանը»,- ասաց շինարարական կազմակերպության պատասխանատու ներկայացած անձը։

Հիշեցնենք, որ այս շենքի կառուցումը մեծ աղմուկ էր բարձրացրել 2021 թվականի հունիսին, երբ համացանցում տեղեկություն էր տարածվել, թե ԵՊՀ «Սև շենքի» վաճառքի հարցը քննարկման փուլում է, և որ այդ տարածքում հյուրանոց է կառուցվելու։ Այնուհետև հայտնի դարձավ, որ խոսքը ոչ թե «Սև շենքի», այլ «Սև շենքի» կայանատեղիի մասին է։

Ի դեպ, 2021 թվականի Պետականգույքի կառավարման կոմիտեն, որի նախագահն այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի սանիկ, հանրությանը որպես «կոկորդիլոսագետ» անունով հայտնի Գարիկ Սարգսյանն էր, պատասխանելով «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի հարցմանը, հայտնել էր, որ Երևանի Աբովյան 52 հասցեում գտնվող անշարժ գույքը ներկայումս հանդիսանում է պետական սեփականություն և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ներկայումս առկա է համապատասխան ներդրումային ծրագրի համաձայն նշված գույքը ձեռք բերելու առաջարկ և գույքն օտարման ներկայացնելու հարցը գտնվում է քննարկման փուլում շահագրգիր մարմինների հետ, որի ավարտից հետո միայն կհստակեցվի գույքի օտարման նպատակահարմարությունը»,- նշված է եղել գրավոր պատասխանում։

Ի դեպ, 2021 թվականին, երբ քննարկվում էր ԵՊՀ «Սև շենք»-ի ամբողջ ավտոկայանատեղին, թեկուզ մաս-մաս մասնավորին վաճառելու և այդ տարածքում շինություն կառուցելու հարցը, այն ժամանակ ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանը մերժել է այդ առաջարկը։ Դա ենթադրում է, որ ԵՊՀ ներկայիս ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ևս կարող էր կանխել այդ շինարարությունը, բայց չի արել դա։ Քանի որ տվյալ ընկերությունը շինարարություն իրականացնելու համար պետք է նաև «հարևանների» այս պարագայում ԵՊՀ-ի և մյուս կողմից բուժհաստատության թույլտվությունն ունենար։ Փաստացի ԵՊՀ ռեկտորը լուռ համաձայնություն է տվել։

Oragir.News-ը այս հարցերի պատասխանը ստանալու նպատակով զանգահարեց ԵՊՀ մամուլի ծառայություն, սակայն հեռախոսազանգերին չպատասխանեցին։

Նշենք, որ այդ տարածքում կառուցվում է հասարակական նշանակության շենք՝ ամենայան հավանականությամբ հյուրանոց։

Շինարարության թույլտվությունը տրվել է 2024 թվականի հունիսի 3-ին, շինարարության մեկնարկը տրվել է 2024 թվականի օգոստոսի 12-ին։ Նշվում է, որ շինարարությունը պետք է ավարտվի 2025 թվականի նոյեմբերի 3-ին։

Oragir.News-ի տեղեկություններով՝ տարածքի սեփականատերը Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի որդի է։