Ոչ մի օր՝ առանց Արցախի. Ալեքսանդր Գրիգորյան․ «Ժամանակը մեր օգտին չի աշխատում»
copy image url

Ոչ մի օր՝ առանց Արցախի. Ալեքսանդր Գրիգորյան․ «Ժամանակը մեր օգտին չի աշխատում»

Ներքին 2 ժամ առաջ - 22:00 28-04-2025
Արցախում ապրելուս տարիներին մի քանի հոգի ինձ վրա մեծ տպավորություն են գործել, նաև՝ խոր հիացմունք պատճառել։

Մեծագույն ակնածանք եմ տածել նրա՝ իմ հանդիպած ամենապարկեշտ ինտելեկտուալներից մեկի՝ առաջնակարգ լրագրողի, քաղաքագետի ու քաղաքական վերլուծաբանի նկատմամբ, ում հոդվածներն ու վերլուծությունները տեղ էին գտնում ժամանակի առաջատար պարբերականներում, ինչը շրջափակման մեջ գտնվող, հետո արդեն իր խաղաղ առօրյան արարող ու գալիքը կերտող Արցախի առջև մեծ ներդրում էր։



Ինչպես նրա վաղեմի ընկեր Միքայել Հաջյանն է նշել՝ նա առաջիններից մեկն էր, ում ջանքերի շնորհիվ դեռ Լաչինի միջանցքից շատ առաջ հաջողվեց «կյանքի ճանապարհ» բացել նույնքան ծանր շրջափակման մեջ գտնվող արցախյան լրահոսքի համար, նա արցախյան լրատվության ծանր հրետանին էր։

Երբ ընտանիքով տեղափոխվեցինք Արցախ, ու ես դարձա «Ակունք» թերթի հիմնադիր գլխավոր խմբագիրը, նա ԼՂՀ նախագահի տեղեկատվական վարչության պետն էր։ Մեզ ծանոթացրեց Արթուր Թովմասյանը (նրանք հորեղբոր որդիներ էին)։ Ու ամեն անգամ ԼՂՀ նախագահականի չորրորդ հարկում գտնվող նրա աշխատասենյակը մտնում էի, ինչպես սրբավայր կմտնեի, ավելի ճիշտ՝ լեռներում գտնվող իմաստուն սրբի խուց, որտեղ կարող էիր հաղորդակցվել իմաստնությանն ու բարձրագույն ճշմարտությանը։ Միգուցե ինչ-որ տեղ չէի հասկանում, որ այդ պաշտոնի տեր մարդը կարող էր և զբաղված լինել՝ մտնում էի յուրաքանչյուր առիթով, նա էլ՝ բազկաթոռի մեջ ընկղմված, ձեռքով կանչում է․ «Եք, նի մըտե»,-ասում էր։ Ու մեր միջև ձևավորվեց ընկերության, բարեկամության պես մի բան, որ շարունակվեց մինչև նրա մահը՝ 2007 թվականի փետրվարի 27-ին։



Ալեքսանդր Գրիգորյանը ծնվել է 1951 թվականի հուլիսի 1-ին՝ Բաքվում։
1974-ին ավարտել է Երևանի օտար լեզուների պետական ինստիտուտը։
Սկզբից աշխատել է Բաքվի «Կոմունիստ» թերթում, հետո դարձել է Ստեփանակերտում լույս տեսնող «Սովետական Ղարաբաղ» թերթի գլխավոր խմբագրի տեղակալը։ 1980-ին դարձել է ԽՍՀՄ Ժուռնալիստների միության անդամ։

1986-92 թթ․ եղել է ԽՍՀՄ ՏԱՍՍ և «Արմենպրես» լրատվական գործակալությունների թղթակիցը։
1993 թվականին նշանակվել ՀՀ Հատուկ ծրագրերի պետական վարչության ինֆորմացիոն բաժնի տնօրեն։
1995-97 թթ․ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարն էր։
1997-2001 թթ․ Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետն էր՝ Կովկասյան տարածաշրջանի հարցերով։
2000-ի մարտից զբաղեցրել է ԼՂՀ տեղեկատվական գլխավոր վարչության պետի պաշտոնը։



Երբեք չդադարեցի հիանալ նրա պատրաստականության բարձր մակարդակով։ Ամենևին չափազանցած չեմ լինի, եթե պնդեմ, որ նա, հաստատապես, բոլոր ժամանակների մեծագույն հայ լրագրողներից մեկն էր՝ իր թեմատիկ գրքերով ու բազմաթիվ ծավալուն հրապարակումներով, կյանք մտնող լրագրողների վրա իր խիստ բարերար ազդեցությամբ։

Ռուսերենին, անգլերենին ու ադրբեջաներենին տիրապետում էր կատարելապես, ուկրաիներենին՝ բավարար չափով, հրաշալի ծանոթ էր քաղաքականության պատմության շրջադարձային պահերին։ Երբ մի բան էր բացատրում, այն համեմում էր այնպիսի օրինակներով, որոնց դերակատարներն էին Օլիվեր Նորտը, Ահմադշահ Մասուդը, «Սև գնդապետները», Մուստաֆա Բարզանին ու Գոլդա Մեյերը։ Արդեն այն ժամանակ նա խոսում էր սկզբունքների ու դիրքորոշման մասին, որ տարիներ հետո մեր մեջ պիտի շրջանառության մեջ մտներ որպես «ռեալ պոլիտիկ»։ Մատուցվող ինֆորմացիայից ոչ պակաս կարևոր էր դա անելու նրա պատրաստակամությունը, որ դրդում էր քեզ մտածել, որ, իսկապես, մարդու, մտավորականի մոտ կարևորագույն հատկանիշներից մեկը, թերևս, պարկեշտությունն է․ ամեն կերպ ձգտում էր քեզ էլ հաղորդակից դարձնել իր գիտելիքներին ու փորձին․ և դա անում էր մի սքողված, հետևողական հոգատարությամբ, բարեղիղճ մանկավարժի պես։



Վարելով լրագրողական ամենաբարձր պաշտոնները և առնչվելով Արցախի առաջին դեմքերի հետ՝ միշտ էլ մնացել է իր տեսակետին․ շատերին են հայտնի նրա անհամաձայնության դրսևորումները Ռոբերտ Քոչարյանի և Արկադի Ղուկասյանի նկատմամբ։ Տանել չէր կարողանում պաթոսն ու մեր ձեռքբերումների տեղին-անտեղի բարեբանումները։ Հիշում եմ՝ մի անգամ խիստ բարկացավ Դավիթ Բաբայանի վրա, ով այն ժամանակ իր մոտ էր աշխատում։ Դավիթն ասաց, թե Արցախում օրինակելի ժողովրդավարություն է։ Սկզբից լիաթոք ծիծաղեց, հետո բարկացած բացատրեց, որ Արցախում չի կարող ժողովրդավարություն լինել, այն էլ՝ կատարյալ, թեկուզ հենց այն պատճառով, որ երկիրը պատերազմի մեջ է։ Եվ հետո, պարզաբանեց, դեռ հարց է, թե այս վիճակում գտնվող երկրի համար ժողովրդավարությունն անհրաժե՞շտ է, ու եթե այո՝ ի՞նչ մոդելի և ի՞նչ չափաբաժնով։ Այ, ասաց, այս հարցերի մասին արժե մտածել, բայց ներմուծվող ամեն բան պետք է պահանջարկ ունենա։

Երբ արդեն մենակ էինք, ասաց․
-Ժամանակի հետ գործերն ավելի ու ավելի վատ են գնում։ Մեր գլխավոր խնդիրները կապված են կարգավիճակի ու անվտանգության հետ։ Նավթի գործոնը կարող է վճռորոշ դառնալ, ուժերի հարաբերակցությունն օր-օրի է փոխվում։ Իրենք ասում են՝ հողերի նկատմամբ իրավունքը մերն է, միջազգային իրավունքի տեսակետից մենք ենք ճիշտը, շուտով էնքան կհարստանանք, էնքան զենք ձեռք կբերենք, որ հարցին ուժային լուծում կտանք։
Այնպես որ, ժամանակը մեր օգտին չէ, որ աշխատում է։

Իսկ ես ի՞նչ էի տեսնում շուրջս՝ տոներ, անվերջ պարգևատրություններ, թանկարժեք հրավառություններ, տաշի-տուշի և մեր բանակի՝ տարածաշրջանում ամենամարտունակը լինելու մասին ամենօրյա լրգրողական վկայություններ։ Ու ասացի․
-Խորենովի՞չ, լավատես չես։
-Խաբի՞մ քեզ,- ասաց տխուր։

Որքան հիշում եմ՝ հատկապես մտերիմ էր «Ազատ Արցախ» հանրապետական թերթի գլխավոր խմբագիր Մարսել Պետրոսյանի և ԼՂՀ նախագահի ավագ օգնական Էդուարդ Աթանեսյանի (կինոռեժիսոր Բոգդան Աթանեսյանի եղբայրը) հետ։ ԱԺ մամուլի ծառայության ղեկավար Միքայել Հաջյանն էլ վաղեմի ընկերն էր։
Առանձնահատուկ հարգանք էր տածում Գեղամ Բաղդասարյանի և Վահրամ Աթանեսյանի նկատմամբ, որպես կոլեգաների, որոնց հետ, սակայն, մտերիմ չէր։

Ինքը՝ Վ․ Աթանեսյանը, մեկ անգամ չէ, որ համոզմունք է հայտնել, թե Ա․ Գրիգորյանը պետք է լինի Արցախի արտգործնախարարը, ու ինչքան ինձ է հայտնի, Խորենիչն այդ մասին չգիտեր։
Նրա մասին հրապարակումն ամբողջական չէր լինի՝ առանց նրա մանկության ընկեր՝ քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Օլեգ Քամալյանի (ով Արցախյան պատերազմի ժամանակ եղել է գեներալ Քրիստափոր Իվանյանի զինակիցը և իր ներդրումն է բերել ինքնապաշտպանության գործին) խոսքի։



-Ինքը սկզբից՝ 1968 թվականին, դիմել էր Բաքվի օտար լեզուների ինստիտուտ, բայց հենց քննության ժամանակ ընդհարվել է դասախոսների հետ ու դուրս եկել։ Քամահրանքով ասել էին՝ հայն ուր՝ անգլերենն ուր։ Ու հաջորդ տարի ընդունվեց Երևանի Վ․ Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը։ Միասին էինք ապրում։ Նրանից սովորեցի բորշ պատրաստելը։ Երբ առաջին անգամ պատրաստում էի, Սաշան ասաց՝ ի՞նչ եղավ, արդեն երկու ժամ է։ Ասում եմ՝ չի կարմրում։ Հարցնում է՝ կարող է՞ կարմիր ճակնդեղ չես քցել մեջը, պատասխանում եմ՝ հա, չեմ քցել,- պատմում է Օլեգ Քամալյանն ու ծիծաղում։

Անթերի մարդ էր՝ մանավանդ՝ մարդկային հարաբերություններում․ խորապես պարկեշտ մարդ։ Սովորաբար, շատերի մասին է ընդունված ասել, բայց ինքը հենց այն մարդն էր, որ կեղծիքն ու շողոքորթությունը տանել չէր կարողանում։ Շատ քաղաքավարի էր մինչև այն պահը, երբ իր հետ նույն կերպ էին վարվում, հետո դառնում էր ըմբոստ՝ մնալով էլի քաղաքավարի։ Քաղաքակրթական այլ միջավայրի մարդ էր։ Ի դեպ, չմոռանամ ասել, որ նա «Սնարք» լրատվական գործակալության հիմնադիրներից էր։

Ընկերության մեջ ամբասիր էր։ Չէր սիրում ֆամիլյարությունը, ինչպես նաև իր և հարազատների համար միջնորդելը, գտնում էր, որ եթե մարդ ինչ-որ բանի արժանի է, պետք է իր ուժերով հասնի։ Երբեք թույլ չէր տա, որ իրեն ներքաշեին ինտրիգների հորձանուտը, բամբասեր, ոչ էլ թույլ կտար, որ դու դա անեիր։ Նրա կողքին ապրելով՝ ինքնաբերաբար նմանվում էիր կատարյալ մարդու։

Կարեն Միրզոյան

Շարունակելի

Նախորդ ակնարկը՝ այստեղ:

Ամենից շատ դիտված