Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն օրերս հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: Գերատեսչությունից վստահեցնում են, որ այն միտված է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ իրավական հենքի ապահովմանը՝ ի թիվս այլնի նպաստելով ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով նախանշված թիրախների իրականացմանը:
Հիշեցնենք, որ դեռևս 2021-ի մարտի 24-ին 7-րդ գումարման Ազգային ժողովը բացառապես իշխանական «Իմ քայլը» խմբակցության պագամավորների կողմ ձայներով ընդունել էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որը ակադեմիական շրջանակների կողմից լայնորեն քննադատվել էր, իսկ ավելի ուշ Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչվել։ ՍԴ-ն մասնավորապես հակասահմանադրական էր ճանաչել բուհերի կառավարման խորհուրդների կազմավորման կարգին վերաբերող դրույթները, որոնց միջոցով, ըստ կրթության փորձագետների, բուհերի կառավարումը հանձնվում էր կառավարությանը։
Oragir.News-ի հետ զրույցում միջազգայնագետ, կրթության փորձագետ Մենուա Սողոմոնյանը նշեց, որ օրենքի նախագծում կան այնպիսի դրույթներ ու ձևակերպումներ, որոնք բարձրագույն կրթության և գիտության մի շարք ոլորտներում ունակ են առաջընթաց ապահովելու, բայց դրանց կողքին բազմաթիվ են այնպիսի դրույթներն ու ձևակերպումները, որոնք ոչ միայն խոչընդոտում են բարձրագույն կրթության ու գիտության զարգացման հեռանկարին, այլև հանրային-պետական մասշտաբի հիմնարար խնդիրներ են հարուցում։ Նրա խոսքով՝ այդ դրույթներն ու ձևակերպումները խնդիրներ են ստեղծում՝ կապված իրավունքի գերակայության ու սահմանադրականության հետ։ «Բացասական հանգամանքներն էապես ավելի շատ են, քան դրական հանգամանքները»,- ասաց նա։
Մենուա Սողոմոնյանը կարծում է, որ այս օրենքը կարող է իր նախորդի ճակատագրին արժանանալ և հակասահմանադրական ճանաչվել․ «Մասնավորապես՝ կապված այն բանի հետ, որ բուհերի համար նախատեսվում է կազմակերպաիրավական մեկ ձև՝ հիմնադրամի կարգավիճակ, ինչը, իմ կարծիքով, սեփականության իրավունքի խախտում է։ Պետությունը չի կարող մասնավոր բուհերին զրկել շահույթ ստանալու հանգամանքից և նրանց պարտադրել, որ վերջիններս վերաձևակերպվեն որպես հիմնադրամ»։
Մեր զրուցակիցը կարծում է, որ օրենքի լրամշակված տարբերակում կան մի քանի խոշոր խնդիրներ, որոնք պետք է չլինեին, ինչպես նաև ընդհակառակը․
«Օրինակ՝ առաջին և ամենապրոբլեմատիկ հանգամանքը «Ակադեմիական քաղաք»-ն է, որը բերվում է օրենքի մակարդակ և փաստացի արգելվում է «Ակադեմիական քաղաք»-ից դուրս բուհական ենթակառուցվածքներ ստեղծել։ Այդ հայեցակարգի շրջանակներում մեզ պարզ չէ նաև, թե որ բուհերն են մտնելու «Ակադեմիական քաղաք» և որոնք ոչ։ Համենայնդեպս շատ մեծ ռիսկեր ու վտանգներ կան հատկապես մարզերում՝ բուհերի լինել-չլինելու տեսանկյունից, ինչը դեմոգրաֆիական լուրջ խնդիրների պատճառ կարող է դառնալ»։
Oragir.News-ի հարցին, թե արդյոք այս օրենքը միտվա՞ծ է «Ակադեմիական քաղաք»-ի նախագիծն ամեն գնով կյանքի կոչելուն՝ Մենուա Սողոմոնյանը դրական պատասխանեց, նշեց, որ 40-րդ հոդվածն ամբողջությամբ նվիրված է «Ակադեմիական քաղաք»-ին։ «Այնտեղ նույնիսկ տարածքի չափն է նշվում՝ 700 ՀԱ, այպիսի աբսուրդ ոչ մի տեղ չկա։ Այսպիսով՝ տեղի է ունենում բուհերի ուժային միավորում, ինչը աննորմալ գործընթաց է, չի կարելի այսպիսի բան անել»,- կարծում է նա։
Սողոմոնյանի համոզմամբ՝ երկրորդ կարևոր խնդիրը գիտական աստիճանաշնորհման համակարգի ֆունդամենտալ փոփոխությունն է։ Նա նշում է, որ այլևս չի լինելու գիտությունների թեկնածուի և դոկտորի գիտական աստիճանները, լինելու է միայն 1 աստիճան՝ դոկտորը՝ PHD-ն․ «Մի կողմից թեև նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ցանկանում են այս օրենքով այնպես անել, որ Հայաստանի կրթությունն ու գիտությունն ավելի սերտ լինի եվրոպական տարածքին, բայց այսպիսի աստիճանաշնորհման համակարգով մենք փաստորեն հեռանում ենք եվրոպական կրթական տարածքից, որովհետև եվրոպական բարձրագույն աստիճանաշնորհման համակարգը երկաստիճան է, այնտեղ կա գիտությունների դոկտորը և հաբիլիտացիան՝ որպես երկրորդ մակարդակ։ Ժամանակին Ռուսական կայսրությունն էլ գերմանական այս մոդելն է վերցրել ու իրականացրել իր աստիճանաշնորհումը, որն էլ փոխանցվել է Խորհրդային միությանը, այնուհետև՝ Հայաստանին։ Սրա հետևանքով Հայաստանում գիտական աստիճանի դերը նվազելու է։
Հաշվի առնելով նաև մագիստրատուրայի դեռևս չկայացվածությունը՝ մագիստրատուրայի կրթությունից հետո միանգամից գիտությունների դոկտոր մեկաստիճան համակարգի անցումը խիստ ազդելու է գիտության որակի վրա, շատերին զրկելու գիտությամբ զբաղվելու մոտիվացիայից։ Մենք իմ ասածի ականատեսը եղանք Վրաստանի պարագայում, որտեղ և՛ գիտական աստիճանաշնորհման համակարգում, և՛ Գիտությունների ակադեմիայի կազմակերպման համակարգում արվել են այսպիսի ֆունդամենտալ փոփոխություններ, որոնց հետևանքով տուժել են թե՛ բարձրագույն կրթություն, թե՛ գիտությունը։
Մյուս խոշոր խնդիրը հենց Ակադեմիայի հետ է կապված։ Ակադեմիայի կազմում գտնվող գիտական ստորաբաժանումները պարտադիր ձևով մտցվում են կա՛մ բուհերի մեջ, կա՛մ պետական գերատեսչությունների, կա՛մ էլ այլ կազմակերպությունների են տրվում, օրինակ՝ կարող են թանգարաններին տրվել։ Այսպիսով՝ փաստորեն ԳԱԱ-ն ընդամենը վերածվում է ակումբի՝ խորհրդատվական նշանակությամբ»։
Մեր զրուցակիցը շեշտում է՝ համաձայն է, որ կրթություն-հետազոտություն կապը պետք է շատ ավելի սերտացնել, սակայն դա պետք է անել ոչ թե տարանջատելով և ուժային մեթոդներով Ակադեմիան քանդելու միջոցով, այլ ԳԱԱ-ի գիտական ինստիտուտների և որոշ այլ բուհերի հետ կրթական ծրագրեր իրականացնելով։ Նրա խոսքով՝ նույն բանը տեղի է ունեցել Վրաստանում, և կան տեղեկություններ, որ այնտեղ փորձում են վերադառնալ նախկին վիճակին։
Անդրադառնալով բուհերի կազմակերպական ինքնավարության բարձրացման խոստմանը՝ կրթության փորձագետը կարծում է, որ այդ խնդիրը փաստացի չի լուծվում, և այն շարունակում է նույն մակարդակի վրա մնալ։ Ըստ նրա՝ սա պայմանավորված է այն իրողությամբ, որ բուհերի կառավարման մարմինը՝ հոգաբարձուների խորհուրդը, նորից կազմվում է կես-կես սկզբունքով, բոլոր բուհերի հոգաբարձուների խորհուրդների անդամների կեսին նշանակում է լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ նախարարությունը, մյուս կեսն էլ ձևավորվում է բուհի ներսում։ «Ընդ որում, ո՛չ պրոֆեսորադասախոսական կազմը, ո՛չ էլ ուսանողության ներկայացուցիչները չեն կարող լինել հոգաբարձուների խորհրդի նախագահ, ինչից հասկանալի է դառնում, որ խորհուրդը կրկին ղեկավարվելու է լիազոր մարմնի կողմից։ Սա ևս ցույց է տալիս, որ քաղաքական իշխանության ազդեցությունը պահպանվում է՝ ի հակադրություն այն հանգամանքի, որ հիմնավորման մեջ նշված էր, որ բուհերի քաղաքականացման վտանգի տակ են, նրանց պետք է դրանից զերծ պահել և բուհերի կառավարման ուղղահայաց համակարգը փոխարինվում է նման հորիզոնական համակարգերով»,- նշում է նա։
Մենուա Սողոմոնյանը հավելեց, որ բուհերի կազմակերպական համակարգերում էական փոփոխություններ տեղի չեն ունենում, իսկ ինքնավարության մակարդակն էլ չի բարելավվում։
Դավիթ Գույումջյան