Նրան մեծարում ենք Մաշտոցի նման, խորհրդանիշ համարում Արարատ սարի պես. Հեքեքյանը՝ Կոմիտասի 155-ամյակի խորհրդի մասին 
copy image url

Նրան մեծարում ենք Մաշտոցի նման, խորհրդանիշ համարում Արարատ սարի պես. Հեքեքյանը՝ Կոմիտասի 155-ամյակի խորհրդի մասին 

Ներքին Մշակույթ 6 ամիս առաջ - 15:30 26-09-2024
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լրանում է Կոմիտաս վարդապետի ծննդյան 155-ամյակը։

Oragir.News-ը օրվա խորհրդի մասին զրուցեց հայ խմբավար, մանկավարժ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի հիմնադիր ու նախագահ Տիգրան Հեքեքյանի հետ։

Հեքեքյանի խոսքով՝ երիտասարդությանը նախ պետք է դաստիարակել, որպեսզի նրանք համարժեք վերաբերմունք դրսևորեն որևէ երևույթի կամ անձի նկատմամբ։

«Մենք չենք կարող ասել, որ մեր երեխան անտարբեր է դասական երաժշտության հանդեպ, երբ մենք մեր երեխային չենք կրթել այդ ուղղությամբ։ Արդյո՞ք մենք արել ենք հնարավոր նվազագույնը, որպեսզի այսօրվա և երեկվա մեր սերունդները արժևորեն մեր մեծերին։ Կոմիտասը մեզ համար սրբություն է։ Մենք նրան մեծարում ենք Մաշտոցի նման, խորհրդանիշ համարում՝ Արարատ սարի պես»,- ասաց նա։

Տիգրան Հեքեքյանի կարծիքով՝ սերունդների կրթությունը և դաստիարակությունն այնքան թերի է, որ երիտասարդները նույնիսկ չգիտեն, թե ով է Կոմիտասը։ Փոխարենը գիտեն, որ նրա անվամբ կա շուկա կամ փողոց։

«Մենք արտասահմանից բերում ենք կասկածելի հեղինակություն ունեցող երաժիշտների և ծախսում միլիոնավոր դոլարներ։ Այնինչ՝ մենք կոպեկ անգամ չենք ծախսում հանրահռչակելու Կոմիտասի լուրջ արժեքը։ Իհարկե, կան անհատներ, որոնք զբաղվում են դրանով։ Օրինակ՝ Արուսյակ Սահակյանը տարիներ առաջ ռադիոյով ամեն հինգշաբթի հաղորդում էր վարում Կոմիտասի մասին։ Նա վարեց պարբերաբար, բայց հետո չգիտես ինչու՝ դադարեց; Ավարտվեց հաղորդումը, բայց ոչ ասելիքը ։ Դա պետք է արվի մշտապես, շարունակաբար, որ մենք վստահ լինենք, որ մեր սերունդը ճիշտ արժեքներով է մեծանում։ Բերում ենք այսինչ երգչին, և դա համարվում է բիզնես։ Բայց դասական արվեստը պետք է ապրի և զարգանա պետական միջոցներով։ Պետությունը պետք է հայացք նետի այդ ուղղությամբ»,-նշեց Հեքեքյանը։

Նրա խոսքով՝ մենք պետք է պետականորեն ունենանք ծրագիր և մեր երեխաներին շարունակաբար կրթենք այս ուղղությամբ։

«Ինչո՞ւ են երաժշտական դպրոցներում ուսումնական ծրագրով Կոմիտասին հատկացնում ընդամենը մի քանի ժամ։ Անշուշտ, կան դասախոսներ, որոնք ավելի շատ դասաժամ են հատկացնում Կոմիտասին, բայց դա անհատական վերաբերմունք է։ Մենք ինչ ասես՝ անցնում ենք, բայց մերը ո՞ւմ ենք թողել։ Դրա համար այս պատկերն է։ Պետք է սա ընդունել որպես փաստ և պայքարել սրա դեմ։

Մենք ունենք կոմիտասագետ Արթուր Շահնազարյան, բայց մենք նրան խոսելու, արտահայտվելու ինչքա՞ն հնարավորություն ենք տալիս։ Ինչքա՞ն ենք մենք նպաստում, որ զարգանա Կոմիտասագիտությունը։ Ինչո՞ւ չենք խնդրում Արթուր Շահնազարյանին, որ դասավանդի «Կոմիտասագիտություն» առարկան։ Պետք է պաշտոնյաները մտածեն, ուղղություն տան։ ԿԳՄՍ նախարարությունը զբաղվում է համերգներ կազմակերպելով, բայց դա իրենց գործը չէ։ Համերգ կազմակերպողներ Հայաստանում և Հայաստանից դուրս շատ կան։ ԿԳՄՍ նախարարությունը պետք է քաղաքականություն մշակի և հայ կատարողներից պահանջի հայկական և ազգային երաժշտության կատարում, որպեսզի հնարավոր բոլոր աղբյուրներով տարածի այդ երաժշտությունը:

Կոմիտասի 150 ամյակը տոնվեց շատ խղճուկ և ապաշնորհ ձևով: Այնինչ ոչ միայն հոբելյանական տարիներին, այլ ամեն տարի պիտի մտածենք՝ ինչպես հանրահռչակել Կոմիտասի արվեստն ամբողջ աշխարհում: Հունգարացիները կարողացան Զոլթան Կոդային ճանաչելի դարձնել առնվազն միջազգային երաժշտական ամբողջ համայնքին: Ցավով պիտի ասեմ, որ Կոմիտասը, որ շատ ավելի մեծ դեր ունի հայ ազգի արվեստի համար, չունի այդ ճանաչումը, ինչն էլ ունի, ստացել է ոչ թե պետական քաղաքականության շնորհիվ, այլ որոշ հայ անհատների միջոցով»- եզրափակեց Տիգրան Հեքեքյանը։

Հիշեցնենք, որ Վարդապետի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, մի խումբ մտավորականներ և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը ծաղիկներ կխոնարհեն նրա շիրիմին, պանթեոնում կանցկացվի նաև հոգեհանգստյան կարգ։

Նշենք նաև, որ Կոմիտասի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում։