Տեղի ՔՊ-ական համայնքապետը սուբվենցիոն ծրագրերի հաշվին հարստանում է․ ավագանու անդամ

Ներքին 7 ամիս առաջ - 18:57 19-09-2024
Սյունիքի մարզի Տեղ գյուղում խնդիրները շարունակում են անլուծելի մնալ։ Բնակիչների ու ավագանու անդամները պնդում են, որ համայնքում անօրինությունները օր օրի ավելանում են։

Oragir.News-ի հետ զրույցում Տեղ գյուղի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը նշեց, որ համայնքում սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում, որոնք ՔՊ-ական համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի եղբայրը՝ Սասուն Ղուլունցը, իրականացնում է օրենքի խախտումներով։

«Կառուսելներ են դրել, պետությունը տվել է գումար, որ համայնքի խաղահրապարակում ժամանակակից կարուսելներ դնեն։ Ու չգիտես ինչու, խաղահրապարակում հայտնվում է երկաթից, գյուղում հավաքած, ինքնաշեն կառուսելներ, որի շինմատերիալը գնել են Գորիսից։

Այդ հարցը ես բարձրացրել եմ ավագանու նիստին, ու համայնքի ղեկավարն ինձ պատասխանել է․ «Որոշեցինք, որ մի քիչ էժան նստի, բերենք, մենք հավաքենք»։ Դա պատասխան չի, որովհետև սուբվենցիան տալիս են, որ լրիվ նոր լինի»,- ասաց նա։

Զեյնալյանի պնդմամբ՝ համայնքի ղեկավարի եղբոր կապալառու ընկերությունը համայնքում իրականացնում է ոռոգման ջրի անցկացման աշխատանքներ։ Կապալառուն պետք է նոր խողովակ անցկացներ, սակայն միացրել է երկաթե ժանգոտված խողովակ։

«Թող պարզաբանում տան՝ ինչպե՞ս է ստացվում, որ ոռոգման ջուր անցկացնող կապալառուն համայնքի ավազից վերցնի, աշխատանքներից հետո փողոցը շեբենապատի, ոչ թե խիճով պատի։ Խիճն ու ավազն այլ բան է։ Ի՞նչ է թաքնված այդ ամենի տակ, և ինչո՞ւ է համայնքի տեխնիկան աշխատում, ու ինչքա՞ն գումար է փոխանցվել։ Թող թղթերով ամբողջը ցույց տան։ Դա ժողովրդի քրտինքն է, որ հարկ են տալիս։

Նիկոլ Փաշինյանն եկել էր գյուղ։ Եթե պաղպաղակ չբաժաներ, հետևողական լիներ, ինչպես Լոռու մարզում, ապա շատ հետաքրքիր բաներ կլիներ։ Ու եթե մեզ էլ ասեին՝ եկեք, հանդիպենք, ավելի հետաքրքիր բաներ կբացվեր»,- նշեց նա։

Ավագանու անդամի գնահատմամբ՝ տմարդություն է, երբ որևէ մեկը երեխաների հաշվին գումար է աշխատում։

«Եթե մեկը երեխաների անհոգ մանկությունն է գողանում, պետության տված սուբվենցիոն ծրագրով ու մանկապարտեզում երեխաների վրա փող է աշխատում, ինքը ո՞նց կարա լավ տղա լինի, որ իմ հետ էլ լավ տղուց խոսի։

Որ այսօր ինքը ողջ է, դա այն բանակի, զինվորի շնորհիվ է, նաև իմ որդու, որի հետևից ընկած են։ Թող ինձնից, իմ երեխաներից հեռու մնան։ Սա իմ վերջին զգուշացումն է, ես ոստիկանապետին էլ եմ ասել։ Քանի որ երեխաս զինվոր է, մնացել է 3 ամիս, ես չեմ թողնում աչքը ճանապարհին մնա»,- եզրափակեց նա։

Oragir.News-ը մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց Տեղ համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ։

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ համայնքի խաղահրապարակում տեղադրվել է այն խաղասարքերը, որոնք նախատեսված են եղել սուբվենցիոն ծրագրով։

«Նախագծում ինչ եղել է, դա էլ տեղադրվել է, մի բան էլ ավելիով»,- ասաց նա։

Հարցին՝ կարո՞ղ է համայնքապետը մեզ ուղարկել այդ նախագիծը, նա պատասխանեց․

«Որ գաս մի օր ստեղ, սաղ ցույց կտանք՝ ինչ քեզ հետաքրքիր է»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ համայնքի ղեկավարն այդ նախագիծը կարող է ուղարկել Oragir.News-ի էլեկտրոնային հասցեին, Ղուլունցը մերժեց։

Հարցին՝ տեղյա՞կ է, որ իր եղբայրը ծեծի է ենթարկել Տեղ համայնքի ավագանու անդամին, և ինչպե՞ս է վերաբերվում դրան, համայնքի ղեկավարը նախ նշեց, որ տեղյակ չէ, ապա նշեց՝ տեղյակ է, որ ծեծի չի ենթարկել։

«Նման բան չկա։ Ես հարցրել եմ, որ չի էլ հարվածել; Ուղղակի լեզվակռիվ է եղել։ Կողքի մարդկանց եմ հարցրել, որ նման բան չի եղել»,- նշեց Ղուլունցը։

Դիտարկմանը, որ գուցե մարդիկ վախենում են բարձրաձայնել այդ մասին՝ հաշվի առնելով, որ Դավիթ Ղուլունցը Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին է, իսկ Պողոսյանի որդին՝ Մասիս Պողոսյանը, Սյունիքի դատախազն է, համայնքի ղեկավարը նշեց, որ բնակիչները չեն վախենում։

«Ոչ ոք չի վախենում։ Սա նենց ժողովրդավարական երկիր ա, որ ոչ ոք ոչ մեկից չի վախենում»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը Oragir.News-ի հետ զրույցում նշել էր, որ Տեղի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Ղուլունցի եղբայրն իրեն ծեծի է ենթարկել։