Թքել եմ իր վրա էլ, իր բարևի վրա էլ. Գևորգ Պապոյանը արհամարհեց սևազգեստ մայրերին 

Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 14:00 29-08-2024
Այսօր՝ օգոստոսի 29-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ, խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների սևազգեստ մայրերը, ինչպես ամեն հինգշաբթի, այնպես էլ այսօր՝ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել։

Oragir.News-ի հետ զրույցում մահացած զինծառայողների մայրերն ասացին, որ պահանջը մեկն է՝ արդարության հասնել իրենց մահացած որդիների համար, որոնց մահվան հանգամանքները դեռևս մութ են մնում։ Չնայած՝ սևազգես մայրերը գիտակցում էին՝ իրենց տղաներին միևնույն է՝ հետ չեն վերադարձնելու, բայց մեղավորները պատասխան պետք է տան և պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Եվ այս պատճառով, ինչպես իրենք էին համոզված՝ պայքարելու են մինչև վերջ, անկախ այն բանից, թե ով կլինի իշխանության։

Մահացած զինծառայողների ծնողները նաև իրենց դժգոհությունը հայտնեցին ներկայիս՝ իրենց բնորոշմամբ՝ «արդարամիտ» իշխանություններից։

«Այս իշխանություններն անգործության են մատնել խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների գործերը, դա լինի՝ նախկին կառավարությունը, թե սրանք, նույն հանցագործներն են և միայն պաշտպանում են հանցագործներին։ Եթե այս կառավարությունը ցանկություն ուներ հների իրականացրած սպանությունները բացահայտելու, ապա կաներ դա։

Նիկոլ Փաշինյա՛ն, արդարություն էիր ուզում, ո՞ւր է քո արդարությունը։ Ուժային կառույցի նախարարները հետևի դռնով փախչում են։ Գլխավոր դատախազը նիստերին գալի՞ս է։ Ինքը դատախազ նստեց, ասաց՝ ինձ 2 ամիս ժամանակ տվեք, հասկանամ՝ ինչ է, ընդունեմ Ձեզ։ Պետք չէ ձեր ընդունելը մեզ։ Տիկին Վարդապետյա՛ն, բա ասում էիք՝ ես չեմ թողնի Ձեր վերքը արնահոսի։ Հիմա էլի շարունակում ա արնահոսել մեր վերքը։ Ինչ է, հիմա մեր անեծքնե՞րն ա պետք Ձեզ»,- ասաց մահացած զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը։

Հարցազրույցի ընթացքում կառավարության շենք եկավ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ով անգամ չբարևեց որդեկորույս մայրերին, ինչն էլ ավելի վրդովեցրեց նրանց։ Սևազգեստ մայրերն ասացին, որ Գևորգ Պապոյանն այն ժամանակ գոչում էր, որ պետք է մայրերի հարցին լուծում տալ, մինչդեռ այսօր անգամ չի էլ բարևում։ Իսկ մայրերից մեկը վրդովված ավելացրեց․ «Մեզ նրա բարևը պետք չէ ընդհանրապես, թքել եմ իր վրա էլ, իր բարևի վրա էլ»։

Մանամասները՝ տեսանյութում։