Նիկոլ Փաշինյանը իր Ֆեյսբուքյան էջում Դիլիջանի երկրագիտական թանգարանից, որտեղ՝ նրան ներկայացվել է Հովհաննես Այվազովսկու վերականգնված կտավը, հրապարակել է տեսանյութ:
«Մեր թանգարաններում շարժ չկա։ Էսօր գնացի. նույն նկարները նույն տեղը կախված ա. 5 տարի հետո, 6 տարի հետո, 15 տարի հետո նույնն ա»,- տեսանյութում բողոքում է Փաշինյանը։
Նա նաև հետաքրքրվում է, թե 2023 թվականից քանի՞ այցելու է ունեցել թանգարանը, որին ի պատասխան հնչում է՝ 4000: Մեկնաբանելով պատասխանը, Փաշինյանը դժգոհել է, որ 4000 մարդ տարին՝ դա շատ քիչ է. Ապա հավելել, թե բա՝ ինչի՞ ենք պահում թանգարանը:
Oragir.News-ը «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արենուհի Կյուրեղյանին խնդրեց մեկնաբանել, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն այսպիսի բացասական վերաբերմունք դրսևորում մարզային թանգարանի նկատմամբ։
«Իհարկե, այս իշխանություններին պետք չեն ընդհանրապես՝ որևէ թանգարան, որևէ մշակութային կառույց, որովհետև նմանատիպ ամեն օջախ հիշեցնում է հայկականության մասին։ Նրանք ամեն ինչ անում են, որ «Հայաստան» և «Հայրենիք» հասկացությունները վերանան, մնա իրենց աթոռը և աթոռի սիրուն շրջակայքը»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց պատգամավորը։
«Եթե իշխանությունը զգում է, որ թանգարանում նույն նկարների առկայությունը նորմալ չէ, ուրեմն պետք է համապատասխան քաղաքականություն վարի, որ մարդկանց մոտ սեր առաջանա դեպի մշակութային օջախները։ Այդ կառույցները պետք է կարողանան այնպիսի ֆինանսավորում ստանալ, որ փոփոխություններով հետաքրքրություն մտցնեն հանրության շրջանում։ Իսկ արդյո՞ք Մշակույթի կամ Սփյուռքի նախարարությունները փակող իշխանությունը ուզում է նման բան։ Այդ նախարարությունները փակող իշխանությունը դժվար թե ֆինանսավորի նմանօրինակ կառույցները և ոչ էլ ուզում է, որ դրանք գործեն։ Եվ այդ է պատճառը, որ իր լսարանին ականջահաճո նախադասություններ է ասում, որ վաղը հիմնավորի այդ թանգարանի փակումը»,- ասաց Արմենուհի Կյուրեղյանը։