Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հերթական անգամ անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ին՝ պնդելով, որ դրա բացումը «Հայաստանի և Ադրբեջանի միջև կծառայի որպես վստահության ամրապնդման միջոց»: Ադրբեջանական «Trend» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Ամիրբեկովն ասել է՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Հուձոնի ինստիտուտում առցանց սեմինարի ժամանակ։
Ադրբեջանցի պաշտոնյայի համոզմամբ՝ «Զանգեզուրի միջանցք»-ը խաղաղության անմիջական արդյունքներից է։
«Մեզ համար, կարծում եմ, եթե մենք խոսում ենք երկարաժամկետ, կայուն և անշրջելի խաղաղության մասին, ապա Զանգեզուրի միջանցքի բացումը խաղաղության այն անմիջական արդյունքներից է, որը կարող է օգուտ բերել ոչ միայն Ադրբեջանին, այլ առավել ևս՝ Հայաստանին։
Որովհետև, ինչպես գիտեք, շուրջ երեք տասնամյակ «ադրբեջանական հողերի օկուպացիայի պատճառով» Հայաստանը լիովին մեկուսացված էր տարածաշրջանում։ Նա զրկված է եղել Հարավային Կովկասում որևէ տնտեսական ծրագրի մասնակցությունից»,- ասել է նա։
Էլչին Ամիրբեկովը նաև նշել է, որ դա իրականում կարող է փոխել իրավիճակը։