Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր՝ հուլիսի 25-ին, շարունակվել է Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը, որի ժամանակ հետազոտվել են նախաքննական մարմնի ներկայացրած ապացույցները, մասնավորապես տեսագրությունները։
Նիստի ժամանակ Լևոն Քոչարյանը նշել է, որ կա տեսագրություն, որը ներկայացրել է մեղադրող կողմը և ասում է՝ այս տեսանյութով ապացուցվում է իրենց մեղադրանքը:
«Ասում են՝ օրինական պահանջ են ներկայացրել, մենք հետ ենք դարձել, մխրճվել ենք ոստիկանների մեջ ու հարվածներ ենք հասցրել ոստիկաններին: Սրանցից ո՞րն է այս տեսանյութով ապացուցվում: Շնորհակալություն եմ հայտնում այս տեսանյութի համար, որովհետև դրանով հակառակն է ապացուցվում»,- ասաց Լևոն Քոչարյանը:
Նա հիշեցրեց, որ կա ցուցմունք ոստիկանի կողմից, թե ոստիկանը բարձրախոսով այդ մեքենայից օրինական պահանջ է հնչեցրել:
«Մենք առաջին օրից ասում ենք՝ չի եղել նման բան, դրա օբյեկտիվ ապացույցը հենց այս տեսանյութն է: Տեսանյութում տեսնում ենք՝ ոստիկանների շատ անհասկանալի պահվածքը: Իրենք եկել էին Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը բացելու, բայց քաղաքացիներն իրենք են ազատում ու շարժվում՝ դեպի Սարյան փողոց, ինչից հետո ոստիկանները սկսում են մարդկանց անիմաստ բերման ենթարկել»,- նկատեց նա:
«էդ ի՞նչ բառ է օգտագործվում, գնում, կանգնում ենք, ի՞նչ մխրճվել: Վերջիվերջո տեսանյութ կա, չէ՞, բոլորս տեսնում ենք, անհարմար վիճակում եք հայտնվում: Տեսանյութն ապացուցում է, որ մենք չենք հարվածել ոստիկաններին, ոչ մի ապօրինի գործողություններ չենք արել, իսկ ոստիկաններն արել են ու ոչ մի օրինական պահանջ էլ չի հնչել»,- նշեց Լևոն Քոչարյանը:
Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 22-ին ոստիկանության ծառայողները
բերման են ենթարկել անհնազանդության ակցիաներին մասնակցող Լևոն Քոչարյանին։ Վնասվածքների հետևանքով Լևոն Քոչարյանը
տեղափոխվել էր հիվանդանոց։ Նույն օրը Քոչարյանը
ձերբակալվել է՝ ոստիկանության 4 ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։