Լոբի, կանաչի, միրգ, բանջարեղեն. ինչով սնվել ամռանը. խորհուրդներ սննդաբանից
copy image url

Լոբի, կանաչի, միրգ, բանջարեղեն. ինչով սնվել ամռանը. խորհուրդներ սննդաբանից

Ավելին Ներքին 8 ամիս առաջ - 22:51 24-07-2024
«Շոգ եղանակին սնունդը կրկնակի-եռակի արագ է փչանում, քան զով ժամանակ։ Իհարկե, թարմ սնունդը, մեկ ժամով սեղանին մնալով, չի դառնում վտանգավոր, բայց, այնուամենայնիվ, վտանգի վախ կա, այդ իսկ պատճառով էլ պետք է ուշադիր լինել պահպանման ժամկետներին»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց նուտրիցիոլոգ-սննդաբան Գայանե Շախհաթունին՝ անդրադառնալով հարցին՝ ինչ խնդիրներ կարող են ի հայտ գալ շոգի պայմաններում սննդի՝ արևի ուղիղ ճառագայթների տակ երկար մնալու պատճառով։

Սննդաբանի խոսքով՝ հատկապես կաթնամթերքը, ձուն, մսամթերքը, պահածոները առաջնային ռիսկային գոտում են, որոնք արդեն իսկ պիտի գտնվեն պահպանման ամենաթարմ ժամկետի մեջ, այսինքն՝ արտադրված լինեն առնվազն նախորդ օրը և պահպանվեն սառնարաններում։

«Սոուսները, որտեղ կան ձվային, պանրային, թթվասերային խառնուրդներ, ձկնամթերքը, ձկնկիթը, ևս, առաջնային վտանգավորություն ներկայացնող սնունդ են։ Աղացած մսային տարբերակները, որոնք համեմված են թթվայնացնող որևէ մթերքով, օրինակ՝ լիմոնով, տոմատով, լոլիկով, շուտ փչանալու հատկություն ունեն։ Ցանկացած մթերք, որը մի փոքր անգամ կասկածելի թվա, ցանկալի է թափել։ Ամառվա սեզոնին առողջության տեսակետից ուշադրություն են պահանջում նաև հատապտուղներն ու մրգերը․ գյուղացիները շատ հաճախ կենդանիներ են պահում հենց այն շրջաններում, որտեղ կարող են լինել մրգատու ծառերով իրենց այգիները, որոնք, ընկնելով կենդանու մի փոքր գոմաղբի վրա անգամ, լուրջ առողջական խնդիրներ կարող են հարուցել։ Այս պարագայում էլ խորհուրդ է տրվում շատ ուշադիր լվանալ մրգերը հոսող ջրի տակ, այլապես կարող են առաջանալ սուր աղիքային վիրուսներ։ Այս ցանկում երրորդ և վերջին վտանգն էլ, ըստ էության, ջրազրկումն է, որն ինքնաբերաբար է՝ մեր կամքից անկախ․ խորհուրդ է տրվում տնից դուրս գալիս վերցնել միջին գոլության մեկ շիշ ջուր, որպեսզի տաք մարմնի և սառը ջրի կոնտրաստների հնարավոր անհամապատասխանությունից չառաջանա ձայնալարերի բորբոքում։ Բացի այդ՝ խորհուրդ է տրվում ամառային սննդակարգում ներառել շատ հեղուկ պարունակող բանջարեղեն՝ վարունգ, պոմիդոր և այլն»։

Մասնագետը խոսեց նաև այս սեզոնին իրականացվող պահածոյացման գործընթացից հետագայում առաջացող հնարավոր խնդիրների, մասնավորապես՝ բոտուլիզմի մասին։
«Բոտուլիզմը այն թույնն է, որ զարգանում է փակ, անօդ տարածությունում եռման սխալ աստիճանի պատճառով։ Սնունդը, որից կարող է առաջանալ բոտուլիզմը, հողից է սերում՝ բիբարը, պոմիդորը, բադրջանը, լոբին։ Արտաքինից այն որևէ կերպ չի հուշում խնդրի մասին․ այն գաղտնի բացիլ է, ինչը ժամերի ընթացքում կարող է հանգեցնել մահվան։ Եթե պահածո օգտագործելուց հետո նկատվում են ընդհանուր թուլություն, գլխապտույտ, խորհուրդ է տրվում անհապաղ դիմել բժշկի։ Բոտուլիզմով չվարակվելու միակ լուծումը զերծ մնալն է ոչ մասնագիտական միջավայրում պատրաստված պահածոների օգտագործումից»։

Դիտարկմանը՝ շոգին ընդառաջ օրգանիզմում արագանում է նյութափոխանակությունը, ակտիվանում է քրտնարտադրությունը, իսկ քրտինքի հետ օրգանիզմից հեռանում են նաև կարևոր միկրոտարրեր, Շախհաթունին խորհուրդ տվեց դրանց բացը լրացնելու նպատակով օգտագործել շատ բանջարեղեն, նաև միրգ․

«Միկրոտարրեր մեծ մասամբ կենտրոնացած են հենց թարմ կտրտված բանջարեղենում, նվազ՝ որոշ մրգերում։ Խորհուրդ է տրվում օրվա ափսեն լրացնել նաև թարմ ձվով, թարմ կաթնամթերքով, թարմ մսամթերքով, լոբազգիների ընտանիքի մշալաբույսեր՝ լոբի, ոսպ, սիսեռ, նաև բոլոր տեսակի կանաչիներով, որոնք պարունակում են մեծ քանակի վիտամիններ՝ նպաստելով աղիների բնականոն աշխատանքից»,- ամփոփելով զրույցը՝ նշեց նա։