Վերջին օրերին համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել արցախցի 8-ամյա Էվայի պատմությունը․ երեխան տառապում է գիրությամբ, ինչի հետևանքով նրա սիրտը ճարպակալվել է։
Ծնողները բավարար գումար չեն ունեցել երեխայի առողջական խնդիրներին վերաբերող հարցերը լուծելու համար, սակայն նրանց օգնության ձեռք է մեկնել բարեգործ Տարոն Սարգսյանը, ում միջնորդությամբ երեխան այցելել է «Վլադ ֆիտնես» մարզասրահ։
Երեխայի մարզիչ Վլադ Խառատյանը մարզումներից պարբերաբար տեսանյութեր է հրապարակել, հատկապես տիկտոկյան իր էջում, որտեղ ներկայացրել է երեխայի մարզումների ընթացքը և միջոցները, որով նա փորձում է մոտիվացնել փոքրիկ Էվային ավելորդ կգ-ներից ազատվելուց հետո։ Հերթական հրապարակված տեսանյութերից մեկը, որտեղ մարզիչը Էվային տորթ է նվիրում 1 կգ նիհարելու կապակցությամբ և խոստանում, որ ամեն անգամ երեխայի նիհարելուց հետո նա կրկին տորթ կստանա, բացասական արձագանքի է արժանացել շատերի կողմից։
Ոմանց կարծիքով այդ տորթը գովազդ է եղել Վլադ ֆիտնեսի կողմից, քանի որ տորթերը իրենց մարզասրահինն են, իսկ երեխային դա նվիրելը, այն էլ նիհարելուց հետո, ոչ այլ ինչ է, քան նրան ծաղրի առարկա դարձնելը։
Սրան զուգահեռ հնչում են նաև դրական կարծիքներ, որ Վլադ Խառատյանը բոլոր երեխաների մարզումերից էլ տեղադրում է տեսանյութեր, իսկ երեխային տորթ հյուրասիրելը նրա մեջ նիհարելու ցանկությունը էլ ավելի մեծացնելու, մոտիվացիայի աղբյուր ծառայեցնելու համար է։
Ավելի ուշ Վլադ խառատյանը իր իստագրամյան էջի սթորիս բաժնում անդրադարձել էր իրեն ուղղված բացասական մեկնաբանություններին` ասելով, որ ինչքան բացասական մեկնաբանությունները ավելանում են, երեխայի մոտիվացիան այնքան ավելի է մեծանում, և այնքան ավելի արագ է նա նիհարում։ Վլադ Խառատյանը նաև նշել է, որ իրենք զուգահեռ աշխատում են դիետոլոգների և հոգեբանների հետ, և խորհուրդ է տվել բոլոր տգետ մարդկանց հասկանալ, որ ճարպակալման խնդիրը ոչ միայն բժիշկների ու հոգեբանների խնդիրն է, այլ նաև մարզիչների, և հավելել, որ վերոնշալ անձինք պարտավոր են համագործակցել մարզիչների հետ։
Oragir News-ը մարզիչի մոտեցման մասին մասնագիտական կարծիք լսելու համար կապ հաստատեց հոգեբան Անի Ապիտոնյանի հետ։ Վերջինս նախ մեզ ներկայացրեց` ավելորդ քաշի դեպքում երբ պետք է մարզիչի օգնությանը դիմել.
«Նիհարելու խնդիրը միայն նիհարելու խնդիր չէ, հատկապես երբ քաշի ավելցուկ է լինում․ այս դեպքում պետք է բժիշկների, հոգեբանների միասնական խորհրդատվություն, հետո միայն մարզչին ընդգրկելը այս պրոցեսին, և դա պետք է տեղի ունենա միայն բժշկական թույլտվությունից հետո։ Երբ որ մասնագետների խումբը որոշում է կայացնում, որ երեխան պետք է մարզվի, ողջ համակարգը պետք է հետազոտվի հոգեբանների մասնակցությամբ, նոր միայն որոշվի, թե ինչպես է երեխայի քաշի թեթևացումը տեղի ունենալու։
Անդրադառնալով այն հարցին` արդյոք կարելի՞ է նման մոտիվացիոն համակարգ կիրառել, թե ոչ, հոգեբանը այսպես պատասխանեց․ «Ես ինքս իմ պրակտիկայում չեմ կիրառում նման մոտիվացիոն համակարգ, չգիտեմ, միգուցե քննարկվել և որոշվել է կիրառվել այդ մոտեցումը»։
Անդրադառնալով երեխաների խնդիրների նկարահանմանը՝ Ապիտոնյանը նկատեց. «Երեխաների խնդիրները նկարել, դեմքը ցույց տալ, բարձրաձայնել, կարծում եմ, չի կարելի, այսինքն` երբ երեխան ունի քաշի խնդիր, և մարզիչը զբաղվում է այդ խնդրով, չեմ կարծում, թե նրա դեմքը ցույց տալը ճիշտ էր, կարելի էր, եթե ցանկանում են, ցույց տալ, որ այդ խնդիրները ունեն լուծումներ. պետք է երեխայի դեմքը ծածկվի, որովհետև թիրախավորման համար խթան է հանդիսանում տեսանյութը․ առաջարկում եմ դա այսուհետև հաշվի առնել»,-ասաց հոգեբանը։
Խոսելով հետագայում երեխայի մոտ առաջանալիք բարդույթներից` նա հավելեց. «Քննարկումններն էլ եթե նույնիսկ իրենց հերթին հօգուտ երեխայի կարող են լինել, դա ևս թիրախավորում է երեխային, քանի որ միջավայրում անընդհատ խոսեն, թե շատ քննարկվեց այդ և գրվեց այդ մասին, երեխայի մոտ կարող են առաջանալ այլ հոգեբանական խնդիրներ»։