Անկախ նախագահի անձից՝ հայ-իրանական հարաբերություններում մեծ փոփոխություններ չեն լինի
copy image url

Անկախ նախագահի անձից՝ հայ-իրանական հարաբերություններում մեծ փոփոխություններ չեն լինի

Արտաքին Խոսք 9 ամիս առաջ - 15:00 05-07-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Իրանի Իսլամական Հանրապետությունում այսօր՝ հուլիսի 5-ին, տեղի է ունենում արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Իրանի նախագահի ընտրությունը տեղափոխվեց երկրորդ փուլ, երբ հունիսի 28-ին կայացած առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկին չէր հաջողվել ստանալ ձայների կեսից ավելին․ երկրորդ փուլում հարևան երկրի նախագահի պաշտոնի համար պայքարում են բարեփոխիչ, ծագումով թյուրքախոս Մասուդ Փեզեշքիանը և պահպանողական, Իրանի միջուկային գործարքի հարցով նախկին բանակցող Սայիդ Ջալիլին։

Հիշեցնենք, որ Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակվել էին այն բանից հետո, երբ մայիսի 19-ին Իրանի նախագահական ուղղաթիռը Բաքվից վերադառնալիս վթարի էր ենթարկվել։ Վթարի հետևանքով զոհվել էին Իրանի բարձրաստիճան 8 պաշտոնյա, այդ թվում` հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Oragir.News-ի հետ զրույցում իրանագետ Գարիկ Միսակյանը նշեց, որ նախագահ ընտրվելու համար երկու թեկնածուների շանսերը գրեթե հավասար են։ Նա ասաց, որ ինչպես բարեփոխիչների ներկայացուցիչ Մասուդ Փեզեշքիանը, այնպես էլ պահպանողականների ճամբարի միակ ներկայացուցիչ Սայիդ Ջալիլին թե՛ նախընտրական քարոզարշավի շրջանում, թե՛ առաջին փուլի արդյունքներով գրեթե հավասարազոր ձայներ էին հավաքել, ու երկրորդ փուլում նույնպես նրանց հնարավորությունները հավասարազոր են գնահատվում։

«Եթե չլինեն անակնկալներ, այսինքն՝ ընտրության օրը ուղղորդող հայտարարություն գերագույն հոգևոր առաջնորդի կողմից և այլն, ինչը գրեթե բացառված է, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջալիլիին իր աջակցությունը հայտնեց առաջին փուլի արդյունքներով երրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն՝ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ապա կարելի է ասել, որ Ջալիլիի շանսերը մի փոքր ավելի շատ են, սակայն կրկնում եմ՝ ընտրվելու գրեթե հավասարազոր շանսեր ունի նաև Փեզեշքիանը»,- ասաց իրանագետը՝ նշելով՝ բավականին անկանխատեսելի է, թե թեկնածուներից ով կընտրվի Իրանի նախագահի պաշտոնում։

Oragir.News-ի հարցին, թե Մասուդ Փեզեշքիանի ընտրությունն ինչպե՞ս կարող է ազդել հայ-իրանական հարաբերությունների վրա՝ հաշվի անելով վերջինիս թյուրքախոս լինելու հանգամանքը՝ Գարիկ Միսակյանը պատասխանեց, որ ընդհանրապես Իրանի ռազմաքաղաքական համակարգում բավականին շատ գործիչներ կան, ովքեր ծագումով Իրանի ատրպատականյան թյուրքախոս հատվածից են։ Նա ընդգծեց, որ ծագումով թյուրքախոս է նաև Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, ով երբեք հակահայկական հայտարարություններով հանդես չի եկել։

«Ուստի խոսել միայն ծագման վերաբերյալ, որ դրանից ելնելով կարող են լինել փոփոխություններ, բավականին սխալ է։ Միևնույն ժամանակ նշեմ՝ Փեզեշքիանն ունի փոքր-ինչ թուրքամետ հայացքներ, որոնք նա արտահայտել է նաև քարոզարշավի շրջանում, պատգամավոր եղած շրջանում հակահայկական հայտարարություններով է հանդես եկել, բայց կարծում եմ՝ նախագահի պաշտոնում այդ հայտարարությունները գլոբալ առումով փոխվելու են։

Այսինքն՝ ինքը՝ որպես նախագահ, այլևս չի կարողանալու իրեն նման հայտարարություններ թույլ տալ՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրի հոգևոր առաջնորդի կողմից հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ հստակ սահմազատումներ ու հայտարարություններ են արվել»,- ասաց նա։

Իրանագետը համոզմունք հայտնեց, որ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում Փեզեշքիանը չի կարող այլ հայտարարություններ անել, որոնք կհակասեն գերագույն հոգևոր առաջնորդի հայտարարություններին։

Գարիկ Միսակյանը հավելեց, որ Հայաստանի տեսանկյունից կարող է առավել նախընտրելի լինել պահպանողական քաղաքական գործչի՝ Սայիդ Ջալիլիի ընտրվելը։ Ըստ նրա՝ ցանկացած արդյունքի դեպքում ընտրություններից հետո հայ-իրանական հարաբերություններում շատ մեծ փոփոխություններ չեն լինի։

Դավիթ Գույումջյան