Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի հյուրն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հաջողության հասնելու շանսերին` Նազարյանը դրական գնահատեց շարժումն ու նշեց, որ այն արդեն իսկ հաջողության է հասել՝ հավելելով, որ պետք է հասկանալ, թե որն է շարժման գլխավոր նպատակը։
«Շարժումը շատ կարևոր նշանակություն ունեցավ։ Ես կարծում եմ,որ այս շարժման սկիզբը,ընթացքը արդեն իսկ Հայաստանի համար դրական նշանակություն ունի։ Ես կարծում եմ, որ շարժման հիմնական նպատակը Հայաստանի էության փոփոխումն է, այսինքն՝ Հայաստանը պետք է փոխվի»,-ասաց նա։
Անդրադառնալով շարժման սկզբնական շրջանում Կիրանցում Նազարյանի ու լրատվամիջոցի ներկայացուցչի միջև տեղի ունեցած միջադեպին`մասնավորապես նրան,որ պատգամավորը թույլ չէր տալիս իրականացնել տեսանկարահանում, Նազարյանը պնդեց`պարզապես խնդրել է,որ մասնավոր զրույցը չտեսանկարահանվի։
«Կիրանց ես միշտ եմ այցելում։ Այդ ժամանակ, երբ որ ես Կիրանցում էի, հերթական բողոքի գործողությունն էր տեղի ունենում։ Ես բողոքի գործողությունից հարյուրավոր մետրեր հեռու մասնավոր զրույց էի ունենում Կիրանց գյուղի մի քանի բնակիչների հետ։ Այդ պահին հայտնվեցին ինչ-որ մարդիկ, կեղծ բացականչություններ արեցին, որ իբր ես եկել եմ՝ կիրանցեցիներին ասեմ՝ ճանապարհը բացեն։ Ես բացատրեցի, որ չկա նման բան։ Օպերատորը եկավ նկարելու, խնդրեցի, որ մի նկարի, որովհետև մասնավոր զրույց է։ Այսքանը»,-ասաց Նազարյանը։
Դիտարկմանը, որ տեղի ունեցած միջադեպից հետո «Հայաստան» խմբակցությունը, մասնավորապես Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում խմբակցութան դիրքորոշումը և չեն արտահայտում խմբակցության պատգամավորների տեսակետը, Նազարյանը նկատեց՝ դա չի ազդել խմբակցության հետ հարաբերությունների վրա։
«Ես խմբակցության հետ խնդիր ո՛չ ունեմ, ո՛չ ունեցել եմ, ո՛չ էլ հաստատ ունենալու եմ»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։