Եկավ ոնց որ գարնանային որոտ, այսպես գալիս են միայն իսկական գրողները․ Ակսել Բակունցի 125-ամյակն է
copy image url

Եկավ ոնց որ գարնանային որոտ, այսպես գալիս են միայն իսկական գրողները․ Ակսել Բակունցի 125-ամյակն է

Մշակույթ 10 ամիս առաջ - 20:45 13-06-2024
«Կոմիտասի երգերի և Սարյանի գույների մասին խոսում են ինչպես հրաշքի մասին, որն անհնարին է արտահայտել խոսքերով: Բայց մենք ունենք մի գրող, որի խոսքը երգում է կոմիտասաբար և փայլում սարյանական կտավների բոլոր գույներով: Այդ Բակունցն է, մեր Ակսել Բակունցը»,-այսպես է բնութագրել Սյունյաց աշխարհի խոհուն զավակին Ավետիք Իսահակյանը:

Այսօր մթնաձորյան աշխարհի առասպելի արարչի՝ Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակն է։

Ռուբեն Զարյանն իր հուշերում պատմում է, որ առհասարակ քիչ էր պատահում՝ Բակունցը մասնակցեր գրական հավաքույթներին, գրեթե չէր խառնվում վեճերին, պահում էր իրեն այնպես, որ հետը չէին վիճում: Հազարից մեկ էր միջամտում վեճ-զրույցներին, իսկ միջամտելիս էլ մեծ մասամբ նրա ասածը գրչակից ըկերներն ընդունում էին իբրև վերջնական խոսք:

Հատկապես հետաքրքվում էր երիտասարդությամբ․

- Երիտասարդությունը մեր ապագան է: Մենք լավ պիտի իմանանք, թե նա ինչպիսին է: Երիտասարդության նկատմամբ անտարբեր մնալ նշանակում է անտարբեր լինել քո իսկ վաղվա օրվա հանդեպ:



Մեծ բարեկամներ էին Ակսել Բակունցն ու Եղիշե Չարենցը: Նրանց բարեկամությունը շատ էր հիշեցնում Հովհաննես Թումանյանի և Ղազարոս Աղայանի բարեկամությունը:

Նրանց բարեկամությունն սկսվեց ծանոթության րոպեից և տևեց մինչև վերջ, որն ունեցավ տասը-տասնմեկ տարվա կյանք, բովանդակալից, լեցուն, վճռական տարիներ, տարիներ բեղմնավոր տքնության և ստեղծագործական վերելքի:

-Որտեղի՞ց եկավ մեր Ակսելը,-ասում էր Չարենցը,-դու տես՝ կարճ ժամանակվա ընթացքում ինչ դառավ: Եկավ ոնց որ գարնանային որոտ: Այսպես գալիս են միայն իսկական գրողները՝ անսպաելի ու հանկարծական… Ակսելը մեծ երևույթ է:

Իր հերթին Բակունցը բարձր էր գնահատում Չարենցի տաղանդը, նրա գիրն ու գրականությունը, երբ կարդում էր պարբերական մամուլում ժամանակակից բանաստեղծների «ստիխները», ուսերը վեր էր քաշում.

-Չարենցից հետո ի՞նչ բանաստեղծություն:



Ես չեմ հիշում, որ նրանք մեկմեկու ներկայությամբ իրար գովեին: Բակունցն առհասարակ սովորություն չուներ կարդալ իր ձեռագիր գործերը, հակառակ Չարենցի: Երբ Չարենցը կարդում էր իր անտիպները, Ակսելը կեպին քաշում աչքերին և ուշադրությամբ լսում էր: Երբ վերջանում էր ընթերցումը, Բակունցը բարձրացնում էր կեպին, մի ծխախոտ էր վառում ու դժվար չէր նրա աչքերում նկատել հիացմունք ու ուրախություն: Չարենցը կարդում էր «Դեպի լյառն Մասիս» անտիպ գործը: Երբ վերջացրեց, Բակունցը խնդրեց:

-Տուր, մի անգամ էլ ես կարդամ:

Կարդաց մտքում և վերջացրեց խորը հառաչանքով:

— Դա՜…-այս եղավ նրա ամենաբարձր գնահատականը: