Ուղիղ եթեր
Դատապարտյալը դադարեցրել է հացադուլը, նրա առողջությանը որևէ վտանգ չի սպառնում. ՔԿԾ
copy image url

Դատապարտյալը դադարեցրել է հացադուլը, նրա առողջությանը որևէ վտանգ չի սպառնում. ՔԿԾ

Ներքին 10 ամիս առաջ - 16:36 11-06-2024
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են ահազանգեր այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող անձը հայտարարել է անժամկետ հացադուլ։

«Նշվածի կապակցությամբ Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել քրեակատարողական հիմնարկ։ Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ իրականացնող անձի հետ։ Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել նրա առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը:

Այցի ավարտին ազատությունից զրկված անձը դիմում է ներկայացրել հացադուլը դադարեցնելու մասին: Վերջինս տեղափոխվել է առանձին խուց»,- մասնավորապես ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
ՔԿԾ-ից էլ հայտնում են, որ Անդրեյ Խալիլյանի կյանքին վտանգ չի սպառնում, ներկա պահին նա դուրս է եկել հացադուլից։

«Ա․ Խալիլյանի վերաբերյալ միջադեպի նախապատմությունը հետևյալն է․ Ա․ Խալիլյանը 2023 թվականի դեկտեմբերին դիմում է ներկայացրել՝ խնդրելով, որ իրեն տեղափոխեն կոնկրետ մասնաշենքի կոնկրետ խուց, ինչը բավարարվել էր։

2024թ․ մայիսի 24-ին Ա․ Խալիլյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է խցակցի հետ, որի ընթացքում ստացել է մարմնական վնասվածքներ։

Դեպքի առթիվ նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ հարուցվել է քրեական վարույթ։

Սույն թվականի մայիսի 27-ին Ա․ Խալիլյանը դիմում է ներկայացրել հացադուլի մասին՝ պատճառաբանելով, որ ցանկանում է պահվել մեկուսի։ Նրան տեղափոխել են հացադուլ հայտարարած անձանց համար նախատեսված խուց։

Մայիսի 30-ին նշված խցում իրականացվել է խուզարկություն, որի արդյունքում խցում հայտնաբերվել է քաղցրավենիք։ Հիմնարկի պետի որոշմամբ հացադուլը համարվել է դադարեցված։ Սակայն նույն օրը՝ մայիսի 30-ին, Ա․ Խալիլյանը նորից հայտարարել է հացադուլ միևնույն պատճառաբանությամբ։ Նրա՝ մեկուսի պահվելու դիմումը մերժվել է օրենքով սահմանված պայմանների բացակայության պատճառաբանությամբ։

Հավելենք, որ Ա․ Խալիլյանը հունիսի 10-ին տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց՝ ընդհանուր հետազոտության, առողջական վիճակը գնահատվել է բավարար, որից հետո նա վերադարձվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Դատապարտյալի հետ պարբերաբար տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս հունիսի 11-ին հրաժարվել է իր անօրինական պահանջից և դադարեցրել հացադուլը։ Ինչպես նախկինում, ներկայում ևս Ա․ Խալիլյանի առողջությանը որևէ վտանգ չի սպառնում»,- ասված է ՔԿԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։