Մեր գործարարներին ուզում եմ ասել՝ Արցախը հսկայական ներդրումներով կորսվեց, որովհետև ճշմարտության հետ չգործեցինք։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։
«Նույնը լինելու է Հայաստանում, եթե դուք ձեր ունեցվածքն ավելի գնահատեք, քան ձեր կյանքը, պատիվն ու հայրենիքը, որով սնվում եք, որովհետև այս նույն ժողովրդով եք դուք կարողանում ձեր գործարքները կնքել»,- նշեց նա։
Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ իրենք 4 օր մնալու են փողոցներում ու հրապարակներում և իրենց հաստատակամությամբ ու կամքով հասնելու են հաղթանակի․
«Մենք իրար չենք դավաճանելու, ես ձեզ հաստատ չեմ դավաճանելու, չեմ ուրանալու, ինչպես որ համոզված եմ, որ յուրաքանչյուրդ էլ այդպես եք վարվելու։ 4 օր մենք մնալու ենք փողոցներում ու հրապարակներում և մեր հաստատակամությամբ ու կամքով հասնելու ենք հաղթանակի։
Ես անձնապես հայրենիքի ու մեր պետության այս մեծ զոհասեղանին դրել եմ ամեն ինչ, ինչ-որ ունեմ կյանքում։ Զոհաբերել եմ ամեն ինչ, ինչ-որ Աստված ու մեր ժողովուրդն ինձ տվել է։ Ես ուզում եմ տեսնել, թե դո՞ւք որքանով եք վճռական ու պատրաստ այս բոլոր պահանջներն իրականացնելու»։