Լուսանկար «պեղելն» էլ չի փրկի․ իշխանությունները սեփական ձեռքերով փորած փոսն են ընկնում
copy image url

Լուսանկար «պեղելն» էլ չի փրկի․ իշխանությունները սեփական ձեռքերով փորած փոսն են ընկնում

Միտք Ներքին 11 ամիս առաջ - 18:30 15-05-2024
Բագրատ Սրբազանն իշխանական մեդիայի համար վերջին օրերին դարձել է «փարաջայով քաղաքացի Վազգեն Գալստանյան»։

Հասկանալի է, որ այդ օղակներին հանձնարարված է հակաքայլերի իրենց բաժինը, ուստի կառավարության հովանավորությամբ գործող «մեդիա-ահաբեկիչներն» անում են հնարավոր և անհնար ամեն ինչ՝ վարկաբեկելու Շարժումը և նրան առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոսին։

Արդեն մի քանի օր առաջ էր տեղեկատվություն տարածվել, որ Բագրատ Սրբազանը զբաղվում է մսամթերքի արտադրությամբ։ Սա ներկայացվում էր, որպես մեղսավոր գործունեություն, որպես «աշխարհիկ վայելքներին» հոգևորականի տուրք տալու վկայություն։

Եթե տեղեկատուները հույս և հաշվարկ ունեին, որ մսամթերքի արտադրության մասին այդ լուրը կարող է ազդել Շարժման ինտենսիվության վրա, ապա ճիշտ էին՝ ազդեց, բայց ընդլայնման իմաստով։

Միջանկյալ ասենք, որ փաշինյանական քարոզչամեքենայի թիրախում, իհարկե, միայն Սրբազանը չէ․ այս օրերին «ձաղկում և խարազանում են» թե՛ Լեո Նիկոլյանին, թե՛ Արամ Նիկոլյանին (ով անցյալ ապրիլին Մարզահամերգային համալիրում վառել էր Ադրբեջանի դրոշը և դրանով ընդմիշտ դարձել Փաշինյանի տեղեկատուների թիրախ – հեղ․), թե՛ Միքայել արք․ Աջապահյանին, թե՛ ՀՀ նախկին նախագահներին․․․ Մի խոսքով՝ բոլոր նրանց, ով դեմ է Փաշինյանի քաղաքականությանը։

Բայց քանի որ Բագրատ Սրբազանն է առաջնորդում պայքարը, ուրեմն և նրան է ուղղվում թունավոր սլաքների մեծ մասը։

Այսպես, իշխանամերձ կայքերից մեկը «պեղել» է մի լուսանկար, այն վերնագրել «Սրբազան վայելքներ»։ Նկարում պատկերված է Բագրատ արք․ Գալստանյանին արտաքուստ նմանվող տղամարդ, որը խոսակցում է երկու կանանց հետ։ Կանայք երեկոյան զգեստներով են։ «Մեր մասնագետները մինչև հրապարակումը ստուգել են նկարի իսկությունը, ոչ մի ֆոտոշոփի հետք առկա չէ», գրում է նկարը հրապարակող ռեսուրսը՝ կարծեք թե ներքին դիմադրությունը հաղթահարելու համար իրեն «դուխ» տալով։

Ի՞նչ սենսացիա է գտել իշխանամերձ կայքը, որ մյուսների զայրույթն է հարուցել։ Դա լավ երևում է հետևյալ մեկնաբանություններից, որ թողել են օգտատերերը․ «Հենց սկսեցին նեղել, մտքերդ ընկա՞վ էս մարդկանց կյանքը քննելը։ Բա վաղուց կային նման խոսակցություններ տարբեր մարդկանց մասին, ընչի՞ եք նեղն ընկած պահին քրքրում», գրել է նրանցից մեկը։ Հատկանշական է մյուս օգտատիրոջ մեկնաբանությունը․ «էժանագին և վաճառված լրատվամիջոց, հոգևորականը կարող է լինել ամենուր՝ Աստծո խոսքի քարոզչության համար, և պարզապես հարսանիքի կամ մեկ այլ առիթի հրավիրված լինել և քրիստոնեական ողջագուրում ունենալ ցանկացած մարդու հետ, ով կհայցի իր օրհնությունը։ Ձեր կանայք առիթներին այսպիսի զգեստներ չե՞ն հագնում։ Աստծուց երկյուղ չունեք, սա է անառակությունը»։

Սա հավասարակշիռ անձանց կարծիքն է, որին հակադրվում է հիստերիկ և կողմնակալ խմբի՝ տրամագծորեն հակառակ արձագանքը։

Մի բան պարզ է․ եթե Սրբազանին վարկաբեկելու փորձերը մատնված են անհաջողության, ինչի ակներև վկայությունը Շարժման ընդլայնումն է, ապա այսօրինակ հրապարակումներն ակնհայտորեն ցուցադրում են պատվիրատուի սնանկությունը, ինչքան էլ կատարողը ձգտել է (կամ, գուցե, այլևս չի ձգտել – հեղ․) թաքցնել դա։

Տիգրան Աթանեսյան