Չկա որևէ նախագիծ, որն ավելի թանկարժեք լինի, քան պետություն ունենալն է․ վարչապետ
copy image url

Չկա որևէ նախագիծ, որն ավելի թանկարժեք լինի, քան պետություն ունենալն է․ վարչապետ

Ներքին 11 ամիս առաջ - 12:30 02-05-2024
Արդյո՞ք մեր քաղաքացիներն այսօր ունեն այն զգացողությունը, որ իրենց վճարած հարկերը՝ ամեն լուման բավարար արդյունավետությամբ վերադառնում է իրենց; Պետք է խոստովանենք, որ ո՛չ, չունեն քաղաքացիներն այդ զգացողությունը։ Եվ պետք է խոստովանենք, որ մենք դեռևս պատշաճ ինստիտուցիոնալ պետություն չենք։ Մյուս կողմից էլ՝ պետք է խոստովանենք, որ այն հարկային համակարգը, որն ունենք, պատշաճ ինստիտուցիոնալ համակարգ չէ անկախ ինքնիշխան պետություն ունենալու համար։ Պետք է քայլ քայլ փոխենք հարկային համակարգը։

Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Հարկային օրանսգրքում առաջարկվող փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Ֆինանսների նախարարության առաջարկած նախագծին, որով նախատեսվում է փոփոխել մի շարք հարկատեսակներ, տնտեսական որոշ գործունեության տեսակներ դուրս բերել միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկի արատոնյալ համակարգերից։

Զեկուցող՝ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է որոշ գործունեության տեսակների համար նվազեցնել շրջանառության հարկը։ Միևնույն ժամանակ՝ որոշ գործունեության տեսակներ դուրս են բերվելու միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկի համակարգից։

«Մեր հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց աճել։ Բայց երբ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ ստեղծել ենք համակարգ, որը աճելու մոտիվացիա չի տալիս, ընդհակառակը՝ չաճելու և ստվերային տնտեսությունը զարգացնելու մոտիվացիա է տալիս»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, հավելելով,- «Մենք փուլ-փուլ պետք է շրջանառության հարկի համակարգից հրաժարվենք»։

Վարչապետը նաև նկատեց, որ հարկային համակարգը մի երևույթ է, որը պետք ապահովի պետության բնական գործունեությունը բոլոր ոլորտներում։

«Ըստ էության հարկային համակարգն այն է, ինչ քաղաքացին վճարում է պետություն ունենալու համար։ Մարդկային ձեռակերտ նախագծերից պետությունը հնարավոր ամենաթանկ նախագիծն է։ Չկա որևէ նախագիծ, որն ավելի թանկարժեք լինի, քան պետություն ունենալն է»,- ասաց Փաշինյանը։

Ձեզ գուցե հետաքրքրի