Մենք այլ ելք չունենք, քան Իրանի դեմ պատասխան քայլեր ձեռնարկելը․ Իսրայելի պաշտպանության նախարար
copy image url

Մենք այլ ելք չունենք, քան Իրանի դեմ պատասխան քայլեր ձեռնարկելը․ Իսրայելի պաշտպանության նախարար

Արտաքին 1 տարի առաջ - 20:27 15-04-2024
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը կիրակի օրը ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին ասել է, որ Իսրայելն այլ ելք չունի, քան արձագանքել Իրանի կողմից հանգստյան օրերին իրականացված հրթիռային և անօդաչու թռչող սարքերի աննախադեպ հարձակմանը։ Փոխանցում է Tert.am-ը։

Այս մասին Axios-ին հայտնել են ԱՄՆ պաշտոնյան և մեկ այլ աղբյուր:

Հիշեցնենք, որ Իրանը շաբաթ գիշերն իր տարածքից ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա: Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ ընդհանուր առմամբ Իրանը ավելի քան 300 զինատեսակ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր և 120 բալիստիկ հրթիռ, և որ դրանց 99%-ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանությունը:

Ըստ New York Times-ի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է հարձակվել Իրանի վրա։ Որպես պատճառ նշվել է իրանական հարվածի պատճառած համեմատաբար փոքր վնասը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցում ասել է, որ Իրանի հարձակnւմն անհաջող էր և որ դա Իսրայելի համար հաղթանակ էր:

Մինչդեռ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելի ցանկացած նոր արկածախնդրություն կարժանանա ավելի ծանր պատասխանի: