«Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը տեսանյութ է տարածել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից տրված հաշմանդամի նշանով հաշմանդամահեն կազմակերպության՝ «Ունիսոնի» մեքենան քարշակով տարել են տուգանային հրապարակ։ Նա ընդգծել է, որ այդտեղ կայանված մի քանի մեքենաներից միայն հաշմանդամի նշանով մեքենան են էվակուացրել։
Oragir.News-ի հետ զրույցում Արմեն Ալավերդյանը ներկայացրեց խնդրի մանրամասները․
«Այդ մեքենան պատկանում է ինձ՝ որպես հաշմանդամություն ունեցող անձի, ծառայում է նաև «Ունիսոն» կազմակերպության կարիքները հոգալու համար։ Այն ունի արտոնություն, որը հաստատված է քաղաքապետի որոշմամբ։ Որոշումից զատ՝ նաև հատուկ նշան կա մեքենայի վրա։
Այն արտոնությունից, որը տրված է մեզ անվճար կայանելու համար, գրեթե, երբեք չենք կարողանում օգտվել, քանի որ հաշմանդամների համար նախատեսված տեղերը միշտ զբաղված են լինում այդպիսի նշան ու իրավունք չունեցող մեքենաների կողմից։
Այս դեպքում ևս այդպիսի մեքենաներ էին կանգնած։ Իրավապահ մարմինները չեն տեսնում այդ ճչացող իրավունքի ոտնահարումը, բայց տեսնում են, որ մեքենան կայանվել է այնտեղ, որտեղ շատ լավ կարմիր գիծ է նկարված, կա նշանը, որ դա վճարովի կայանատեղի է։
Կար նաև վերջերս ներկված և ավելացված դեղին գիծ, որն արգելում է կայանելը։ Այս դեպքում ստացվում է, որ քաղաքացուն հատուկ շփոթմունքի մեջ գցելու համար են անում, կամ պարզապես փնթիություն է»։
«Ունիսոնի» ղեկավարը նշում է, որ այստեղ բարոյական կողմ կա, քանի որ նրա մեքենայից բացի այլ մեքենաներ նույնպես կայանված են եղել այդ վայրում, բայց քարշակով տարել են միայն իր ավտոմեքենան։
«Ակտ գրեցին, մեքենան վերադարձրեցին։ Հիմա ծանուցում են տվել, որ ամսի 12-ին գործընթաց պետք է լինի, որտեղ ներկա է լինելու մեր վարորդը։ Մենք նույնպես կգնանք, սակայն այնտեղ կան աստիճաններ՝ դա էլ այլ իրավունքի ոտնահարում է։ Անձամբ ես՝ որպես կազմակերպության ղեկավար, չեմ կարող գնալ և պաշտպանել իմ կազմակերպության շահերը։
Այստեղ սկզբունքի, իրավունքի և վերաբերմունքի հարց է։ Սա քաղաքապետարանի խնդիրն է, որ չեն ջնջվել կարմիր գծերը։ Ու մարդիկ շփոթվում են։ Տպավորություն է, որ քաղաքացուն աշխուժորեն տուգանելու պլան են կատարում»,- եզրափակեց Արմեն Ալավերդյանը։