Ուղիղ եթեր
Դաշտից պատառաքաղ. ՔՊ-ն գտել է գյուղացուն հարկելու և տուգանելու սկզբունքը
copy image url

Դաշտից պատառաքաղ. ՔՊ-ն գտել է գյուղացուն հարկելու և տուգանելու սկզբունքը

Ներքին 1 տարի առաջ - 09:00 06-12-2023
Սննդի էթիկան, կարծես, թակում է իշխանությունների դուռը։ Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկմանն է ներկայացրել ՀՀ-ում գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջները և անասնաբուժասանիտարական վերահսկողության կարգը սահմանելու մասին Կառավարության որոշման նախագիծ։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել հանրապետության ամբողջ տարածքով գյուղատնտեսական կենդանիների տեղաշարժի վերահսկումը, նախրի կառավարումը և հետագծելիության բարելավումը՝ «դաշտից պատառաքաղ» սկզբունքով։ Այս ի՞նչ սկզբունք է, և ինչու՞ է ՔՊ-ական իշխանությունն այսօր բարձրացնում այս թեման։

Ամերիկացի բարոյագետ և փիլիսոփա, Օքսֆորդի և Միչիգանի համալսարանների դասախոս Փոլ Բ. Թոմփսոնի 2015-ին գրած «Դաշտից պատառաքաղ» վերնագրով գիրքը սննդի էթիկայի մասին հիմնարար աշխատություն է, որտեղ գիտնականը կոտրում է սննդի մասին տարածված որոշ փիլիսոփայական պատկերացումներ և առաջարկում նոր բարոյագիտական մոտեցում, որը համապատասխանում է արևմտյան արժեքներին և պրագմատիզմի տեսությանը։ Ողջունելի է, որ ՔՊ-ն այս սկզբունքն է կիրառելու անասնաբուժասանիտարական վերահսկողության կարգը սահմանելու հարցում։ Այսուհետ անհիմն կլինի միանշանակ պնդել, որ ՔՊ-ն չունի որևէ սկզբունք կամ չի առաջնորդվում որևէ սկզբունքով։ Մեկ սկզբունք հաստատ ունի՝ «դաշտից պատառաքաղը»։

Չի բացառվում նաև, որ եթե իշխանություններին հաջողվի վերահսկել հանրապետության ամբողջ տարածքով գյուղատնտեսական կենդանիների տեղաշարժը, նախրի կառավարումը և հետագծելիության բարելավումը, ապա նույն վերաբերմունքը կարող են կիրառել այլ հարցերում։ Եթե մինչ օրս նրանք ժողովրդին բաժանում են նախկինների և ներկաների և մարդկանց միջև ատելություն ու թշնամանք հրահրում, ապա հնարավոր է, որ նոր սոցիալական բաժանում կանեն։ Օրինակ՝ սարսափելի կլինի, եթե իրենց համակիրներին վերաբերվեն որպես նախրի։ Կա հիմնավոր մտվախություն, որ եթե չինովնիկների խիղճը վերջնական բթանա, ու նրանք մի օր մոռանան, որ ժողովրդին ծառայելու համար են ընտրվել և ստացել մանդատներ, ապա ժողովրդին չեն վերաբերվի որպես իշխանության կրողի, ինչպես նշված է Սահմանադրության 2-րդ հոդվածում, այլ նախրի, որի կառավարումը կհամարեն իրենց հիմնական առաքելությունը։ Այսպիսի հոռետեսական ենթադրության հիմքն այն է, որ մինչ օրս մարդկային կորուստները չեն դարձել ՔՊ-ական պաշտոնյայի հրաժարականի կամ աշտոնանկության պատճառ։ Եվ տպավորություն է տարածվել, թե մարդուն վերաբերվում են ոչ որպես բարձրագույն արժեքի, այլ գյուղատնտեսական նշանակության կենդանու, որը վաղ թե ուշ, միևնույն է, «կեր» է դառնալու։

Անցած տարիներին ՔՊ-ական իշխանությունն ապացուցել է, որ իր հետաքրքրությունների առանցքում մարդկանց աշխատանքի արդյունքի մի մասը տարբեր հիմքերով գանձելն է։ Հարկերի, տուրքերի, տուգանքների անհիմն ու պարբերական բարձրացումները դրա վառ ապացույցն է։ Եվ ահա՝ Էկոնոմիկայի նախարարությունը գտել է ոչ լիարժեք հարկվող դաշտ։ Անասնապահությամբ զբաղվողների մի մասը հարկեր չի վճարում։ Հետևապես՝ գյուղատնտեսական կենդանիների տեղաշարժի վերահսկման, նախրի կառավարման և հետագծելիության բարելավման իրական նպատակը անասնապահությամբ զբաղվողներին հարկային դաշտ բերելն է։ Պատկերավոր ասած՝ անասնապահին, որն ամբողջ տարին չարչարվել է դաշտերում, հիմա ուզում են «ուտել» պատառաքաղով։

Հաշվի առնենք նաև, որ առաջիկա ամիսներին անասունների մորթի շրջանն է։ Գյուղացին մորթից ակնկալվող գումարով պիտի մարի պարտքերի մի մասն ու Նոր Տարի անի։ Ուստի՝ իշխանությունները, ենթադրաբար, կուզենան գյուղացու ձեռքից մի քանի դրամ կորզել, որի չնչին մասը կգնա բյուջե, մեծ մասը՝ տեղական մանր-մունր ՔՊ-ական չինովնիկների գրպանը։ Իսկ Փոլ Բ. Թոմփսոնի «Դաշտից պատառաքաղ» բարոյագիտական տեսությունը խորհրդավոր շղարշն է, որով կքողարկեն իրական թիրախները։

Կարճ ասած՝ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությունը սննդի էթիկայի հետ կապ չունի՝ ֆերմերի աշխատանքի արդյունքի մի մասը հարկելու և տուգանքների տակ գցելու համար է։

Թաթուլ Մկրտչյան