Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո տարածաշրջանային քննարկումների օրակարգ եկավ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը, որով պետք է Ադրբեջանի արևմտյան, իսկ իրականում Արցախի օկուպացված շրջանները միանան Նախիջևանին։ Չնայած Հայաստանը Ադրբեջանին միջանցք տրամադրելու պարտավորություն չի ստանձնել, իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին է, թուրք-ադրբեջանական տանդեմը ՀՀ-ից պարբերաբար միջանցք է պահանջում։
Արցախի ամբողջական բռնազավթումից հետո մի որոշ ժամանակ Ադրբեջանը հայտարարում էր, որ հետաքրքրված չէ Հայաստանի տարածքով միջանցքի անցկացմամբ, և դրա շուրջ բանակցություններ է վարում իրանական կողմի հետ։ Փորձագետներից շատերը դեռևս այդ ժամանակ էին ասում, որ սա պարզապես քարոզչական հնարք է, և թշնամին չի հրաժարվել ՀՀ տարածքով միջանցք ստանալու հավակնությունից։
Այս հիմնավորման հաստատումն իրեն երկար սպասեցնել չտվեց, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս տարվա հունվարի 10-ին տեղական հեռաուստաալիքներին տված հարացազրույցում սպառնացել էր, որ եթե Հայաստանն Ադրբեջանին միջանցք չտրամադրի, ապա վերջինս մտադիր չէ ՀՀ-ի հետ որևէ այլ տեղում սահմանը բացել։ Ընդ որում, Ալիևը շեշտել էր, որ մարդիկ և բեռներն Ադրբեջանից Հայաստան պետք անցնեն առանց մաքսային վերահսկողության, ինչը վկայում էր այն մասին, որ Բաքուն արտատարածքային միջանցք է պահանջում, չնայած այդ երկրի բարձրաստիճան ղեկավարության այն հավաստիացումներին, որ խոսքը տրանսպորտային միջանցքի մասին է, և պետք չէ վախենալ այդ բառի գործածումից։
Նախօրեին էլ Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարեց, որ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի շուրջ քննարկումները շարունակվում են, սեղանին երկու տարբերակ կա, այդ թվում՝ Իրանով անցնող ճանապարհը։ Նրա խոսքով՝ եթե հայկական կողմում խնդիրներ լինեն, ապա Ադրբեջանը շփումներ ունի նաև Իրանի հետ՝ այդ երկրի տարածքով անցնող միջանցքի հնարավորության հետ կապված։
Իրականում Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների այս հայտարարությունները վկայում են այն մասին, որ «Զանգեզուրի միջանցք»-ի պահանջը շարունակում է մնալ օրակարգում, և վերջիններս որևէ կերպ չեն հրաժարվել այդ հավակնությունից։ Թուրք-ադրբեջանական տանդեմը վերջին ամիսներին, հատկապես Արցախի լիակատար բռնազավթումից հետո, հրապարակ է նետում այն քարոզչական թեզը, թե իբր այս նախագիծը չափազանց կարևոր նշանակություն ունի հենց հայկական կողմի համար, և եթե Երևանը «ճիշտ չգնահատի իրեն ընձեռնված պատմական հնարավորությունը», ապա կտուժի միայն ինքը և դուրս կմնա տարածաշրջանային հերթական նախագծից, իսկ այն կանցկացվի Իրանի տարածքով։
Անկարայից և Բաքվից հնչող նմանաբովանդակ քարոզչական հայտարարությունները նպատակ ունեն ազդել հայ հասարակության և ՀՀ իշխանությունների տրամադրությունների վրա՝ փորձելով համոզել, որ նախագծից հրաժարվելու դեպքում տուժելու է միայն ՀՀ-ն։ Ինչ վերաբերում է նախագիծն Իրանի տարածքով անցկացնելու ծրագրին, ապա սա էլ բացառապես քարոզչական հնարք է, քանի որ նախորդ 30 տարիներին Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունն իրականացվում էր հենց Իրանի տարածքով՝ բնականաբար այդ երկրի օրենսդրությանն ու մաքսային ընթացակարգերին համապատասխան։
Իրանական կողմը վերջին 3 տարում էլ բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի կապն իր տարածքով, ինչպես նաև նոր ճանապարհներ կառուցել, որոնք կանցեն օկուպացված Արցախով և կկրճատեն հաղորդակցության համար ծախսվող միջոցները։ Նման կերպ Իրանը նախևառաջ փորձում է գործընթացն իր վերահսկողության տակ պահել, ինչպես նաև զսպել Հայաստանի Հանրապետության հանդեպ թուրք-ադրբեջանական տանդեմի դրսևորած հավակնությունները, քանի որ գիտակցում է, որ դրանք սպառնում են ՀՀ-ի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Հայաստանն իր հերթին բազմիցս հայտնել է, որ պատրաստ է անխոչընդոտ հաղորդակցություն ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ պայմանով, որ դա պետք է վերահսկի հայկական կողմը, սակայն հարևան երկիրը տարբեր պատճառներով առ այսօր հրաժարվում է օգտվել դրանից, ինչն էլ փաստում է, որ թշնամու պահանջը մեկն է՝ արտատարածքային միջանցք։ Նիկոլ Փաշինյանն էլ նախորդ ամիս հայտարարեց, որ ՀՀ-ն պատրաստ է նույն պայմաններով հաղորդակցություն տրամադրել, ինչպես դա Իրանն է անում, սակայն Ադրբեջանը հերթական անգամ հրաժարվեց դրանից։
Այսպիսով՝ փաստենք, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը դուրս չի եկել թշնամու օրակարգից, և վերջինս պարբերաբար ՀՀ-ին նման պահանջ է ներկայացնում, ինչպես նաև փորձում է առավելագույն ճնշման ֆոն ապահովել։ Բացի այդ, չափազանց կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ ներկայումս Անկարան և Բաքուն շտապում են, քանի որ աշխարհաքաղաքական վիճակը չափազանց անկայուն է, և դրա հետևանքով ցանկացած պահի կարող են այնպիսի զարգացումներ տեղի ունենալ, որոնք հօդս կցնդեցնեն ներկայումս տարածաշրջանում գործող ստատուս-քվոն, և ձգտում են նախքան այս փոփոխությունները կյանքի կոչել «Զանգեզուրի միջանցք»-ի նախագիծը։
Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցք»-ին, ապա այն կենսական նշանակություն ունի ոչ միայն Ադրբեջանի ու Թուրքիայի, այլ նաև ողջ թյուրքալեզու աշխարհի համար։ Այս նախագծի կարևորությունը դեռևս 100 տարի առաջ գիտակցում էր անգամ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, ում ջանքերի շնորհիվ Նախիջևանը ՀՀ-ին անջատվեց և բռնակցվեց Ադրբեջանին։
Դավիթ Գույումջյան