Մյունխենի անվտանգության համաժողովի օրակարգում Հայաստանին առնչվող հարց չկար։ Նախատեսված չէին նաև երկկողմ համաձայնագրերի քննարկումներ։ Ենթադրելի էր, որ վարչապետի, արտաքին և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ երկկողմ հանդիպումները կարող էին արդյունավետ լինել։
Եվ իրոք, հարկատուների միջոցներով Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցած ՀՀ պաշտոնյաներն աննախադեպ մեծ թվով հանդիպումներ ունեցան։ Հանդիպումների արդյունքների մասին պաշտոնական տեղեկատվությունից կարելի է ենթադրություններ անել, թե Հայաստանի համար ինչ առաջընթաց արձանագրվեց անվտանգային հարցերում։ Պարզ ասած՝ ի՞նչ շահեց ՀՀ-ն այդ հանդիպումներից
Ամենակարևոր հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ էր, որի արդյունքները տեսանելի չեն։ Փաշինյանն ԱՄՆ չհրավիրվեց։ Բլինքենը Երևան՝ նույնպես։ Վաշինգտոնում հայ-ադրբեջանական հանդիպում կազմակերպելու մասին նախաձեռնություն չեղավ։ ՀՀ-ին ամերիկյան աջակցություն տրամադրելու մտադրության մասին նույնպես ոչ մի բան չասվեց։ Չնայած՝ Նիկոլ Փաշինյանը ցանկություն հայտնեց զարգացնել հայ-ամերիկյան գործակցությունը, սակայն Բլինքենն աջ թեքված հայացքով ցրեց այդ հույսերը։ Հետևապես՝ ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումն անպտուղ էր։
Գերմանիայի կանցլեր Շոլցի միջնորդությամբ հայ-ադրբեջանական հանդիպման ժամանակ խաղաղության մասին ցանկություններից անդին էական ոչինչ չեղավ։ Քառակողմ հանդիպումների կամ Բրյուսելյան ձևաչափի վերադառնալու վերաբերյալ ևս բան չխոսվեց։ Այսինքն՝ ՀՀ-ին չհաջողվեց նաև վերականգնել ԵՄ միջնորդությունը հայ-ադրբեջանական բանակցություններում։
Կիպրոսի ղեկավարի հետ հանդիպումն առաջին հայացքից պարունակում էր ակնարկ, թե Արցախի հարցը կարող է լուծվել Կիպրոսի օրինակով։ Սակայն այսպիսի հույսերը սին են, քանի որ ՔՊ-ական իշխանությունը Արցախի հարցը փակված է համարում։ Հետևաբար՝ այս հանդիպումը ևս անվտանգային ենթատեքստ չուներ։ Կիպրոսի ղեկավարի հետ հանդիպումը կիպրական օֆշորներում նախկինների փողերի մասին տեղեկություն ստանալու հետաքրքրություն էր հետապնդում։
Ուշագրավ էր նաև Մեծ Բրիտանիայի հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ հանդիպումը։ Մուրը, հավանաբար, առաջարկել է Փաշինյանին լյուստրացիա իրականացնել և իշխանության օղակներից հեռացնել ռուսական գործակալներին։ Քանի դեռ ՀՀ-ում լյուստրացիա չի եղել, հետախուզական օղակում ևս գործակցության հեռանկար չի կարող լինել ՀՀ-ի հետ։ Մուրը հավանաբար հաստատել է, որ իրենց հետախուզական տվյալներով՝ ՌԴ-ն դրդում է Ադրբեջանին հարձակվել Սյունիքի ուղղությամբ։ Սակայն այդ մասին ՀՀ-ում բոլորը գիտեն։ Հետևապես այս հանդիպումը ևս անպտուղ էր։
Սպառազինություն ձեռք բերելու մասին պայմանավորվածություններ չեն եղել։ Սուրեն Պապիկյանի մի քանի հանդիպումների վերաբերյալ այդ մասին վկայող տեղեկատվություն չկա։ Մյունխենյան համաժողովին մասնակցող որևէ երկրի հետ պայմանագրային նոր նախաձեռնություններ նույնպես չեղան։ Թե ինչու է ԱԳ նախարարը մասնակցել համաժողովին, դժվար է մեկնաբանել։
Պարզ ասած՝ ՀՀ պատվիրակությունն այսօր կվերադառնա Երևան ձեռնունայն։ Ո՛չ զենք բերեցին, ո՛չ անվտանգություն, ո՛չ երաշխիքներ։ Հետևություն կանի՞ ՔՊ-ական իշխանությունն այս ձախողումից։ Հավանաբար՝ ո՛չ։ Դա կապացուցվի առաջիկա օրերին։ Եթե ՔՊ-ական պատգամավորները անվտանգային ոլորտում նախաձեռնությամբ հանդես չգան, ապա կարելի է վստահաբար ասել, որ մյունխենյան այցն ուներ միայն պոպուլիստական նպատակ։ Իսկ հայ ժողովուրդը անվտանգային իրական սպառնալիքների առաջ դեռ կանգնած է միայնակ։
Թաթուլ Մկրտչյան