Պարեկները հետապնդել ու կասեցրել են «Ճվճվ Արոյի» որդու փախուստը. shamshyan.com
copy image url

Պարեկները հետապնդել ու կասեցրել են «Ճվճվ Արոյի» որդու փախուստը. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 11:10 25-01-2024
Հունվարի 24-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանում Mercedes մակնիշի 37 AB 344 համարանիշի ավտոմեքենան մի քանի ժամ է՝ չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները՝ մեքենան վարելով անգամ կարմիր լույսի տակով:

Կարճ ժամանակ անց 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Արթուր Կարապետյանն ու Արա Ենոքյանը ժամը 02:00-ի սահմաններում նկատում են, որ նշված Mercedes-ը Ազատության պողոտայի ու Թբիլիսյան խճուղու հատվող հատվածում երթևեկում է, պարեկները բարձրախոսով հրահանգում են, որպեսզի նա կանգնեցնի ավտոմեքենան, բայց վարորդը ոչ միայն չի ենթարկվում պարեկների օինական «կա՛նգ առ» պահանջին, այլև մեծ արագությամբ ավտոմեքենան վարում է՝ անցնելով կարմիր լույսի տակով:

Նա ուղղությունը վերցնում է դեպի Կոտայքի մարզ:

Պարեկները հետապնդում, ապա ռադիոկապով տեղեկությունը փոխանցում են իրենց գործընկերներին, ապա Կոտայքի մարզ տանող ճանապարհին «Գագաթ» սննդի կետի մոտ Mercedes-ը բախվում է Opel մակնիշի ավտոմեքենային, իսկ հետո Պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենային, ապա շարունակում է փախուստը՝ արդեն Վերին Պտղնի գյուղի թունելային հատվածում նա չի կարողանում այլևս վարել ավտոմեքենան, հավանաբար արհեստական խոչընդոտի է հանդիպում, ինչից հետո վարորդը դուրս է գալիս ավտոմեքենայից ու դիմում փախուստի:

Պարեկները հետապնդում են նրան: Այդ ժամանակ վարորդը հարվածում է պարեկներից մեկի ոտքին, ու փորձում նորից դիմել փախուստի, սակայն պարեկներին հաջողվում է նրան ձեռնաշղթայել ու տեղափոխել Ոստիկանության Կոտայքի բաժին:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է 1 հատ ներարկիչ ու սպիտակ թղթով փաթեթավորված 0,37 գրամ ընդհանուր քաշով թմրանյութի նմանվող փոշենման զանգված:

Վարորդը քրեական պատմություններով հայտնի, նախկինում դատապարտված «Ճվճվ Արոյի» 33-ամյա որդին է՝ Սաքուլիկ մականվամբ Սարգիս Վարդանյանը:

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հայտնաբերվածը «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց է:

Քննիչի որոշմամբ՝ Ս. Վարդանյանը ձերբակալվել է, ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: