Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդները պարեկություն են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում։ Դիտորդական առաքելության տարածած հայտարարության համաձայն՝ պարեկային ծառայության նպատակն է տեղում դիտարկել և զեկուցել անվտանգության իրավիճակի մասին և նպաստել հակամարտությունից տուժած տարածքներում մարդկանց անվտանգությանը։
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը դրական գնահատեց Հայաստանում տեղակայված դիտորդների գործունեությունը։ Նրա համոզմամբ՝ այդ առաքելությունն այսօր հայ-ադրբեջանական սահմանին տիրող հարաբերական հանդարտությունն ապահովող կարևոր գործոններից մեկն է։
Քաղաքագետը շեշտում է, եվրոպական դիտորդական առաքելությունը Ադրբեջանի համար այդ հարաբերական հանդարտությունը խախտելու գինը տվյալ պահին դարձրել է անհամաչափ մեծ։ Նա կարծում է, որ այս առաքելության տեղակայմամբ Հայաստանի վրա կրակելը հավասեցվել է եվրոպական առաքելության վրա կրակելուն։
«Միայն հենց այս հանգամանքի բերումով ես չափազանց կարևորում եմ Հայաստանում եվրոպական առաքելության ներկայությունը»,- շեշտեց նա։
Հարցին, թե տվյալ առաքելությունը ինչպե՞ս է նպաստում սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովմանը՝ Մեհրաբյանը միանշանակ դրական պատասխան տվեց։ Մեր զրուցակիցը չբացառեց, որ Ադրբեջանի կողմից կարող են հրադադարի ռեժիմը խախտելու դեպքեր լինել, ինչպես եղել են նախկինում, սակայն նման դեպքերն արձանագրելուց պետք է փաստենք, որ դա կլինի կրակոց նաև այս առաքելության վրա։
Ռուբեն Մեհրաբյանը հավելեց, որ իրավիճակները, երբ այդ առաքելությունը Հայաստանում է և Հայաստանում չէ, խստորեն տարբերվում են իրարից։
Դավիթ Գույումջյան