Մինչ Արցախի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից ստորագրված ԱՀ-ն 2024 թվականի հունվարի 1-ից լուծարելու մասին հրամանագիրը շարունակում էր ակտիվորեն քննարկվել և հանրության մի հատվածի մոտ դժգոհություններ առաջացնել, այսօր արդեն հայտնի դարձավ, որ Շահրամանյանի ստորագրած հրամանագիրն այլևս գոյություն չունի։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանն ասել էր, որ
Շահրամանյանը չեղարկել է ավելի վաղ իր կողմից ստորագրված հրամանագիրը։
Միևնույն ժամանակ մամուլն այսօր գրել էր, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը խուսափում է անձամբ այդ մասին հայտարարել։ Նշվում է, որ Արցախի նախագահը մտավախություններ ունի, որ եթե ինքն այդ հրամանագիրը չեղարկելու մասին հայտարարի, ապա դրանով կվնասի Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։
Oragir.News-ի հետ զրույցում միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը դրական գնահատեց այս հայտարարությունը՝ նշելով, որ կզարմանար, եթե նման հայտարարություն չտարածվեր։ Նա հիշեցրեց՝ սպասվում էր, որ 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի գոյության դադարեցումը կդառնար փաստ, Արցախը՝ որպես պետական կազմավորում, որպես հանրապետություն, կդադարեր գոյություն ունենալ։
«Ենթադրում եմ, որ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահն ինչ-որ հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ պետնախարարը, կառավարության անդամները, խորհրդարանը, անվտանգության խորհրդի քարտուղարը և մի շարք այլ մարմիններ 2024 թվականի հունվարի 1-ից կշարունակեն իրեն գործունեությունը, իհարկե, առանց վարձատրության։ Ստացվում է, որ Արցախը՝ որպես սուվերեն պետություն, ինքնիշխան կառույց, գոյություն ունի»,- նշեց նա։
Միջազգայնագետը շեշտում է, որ մշտապես տարակուսանքով է վերաբերվել Սամվել Շահրամանյանի ոչ իրավաչափ ստորագրությանը, քանի որ այդ փաստաթուղթը չէր կարող իրավական ուժ ունենալ, իսկ երկրի ղեկավարը՝ լուծարել պետությունը։ Նրա համոզմամբ՝ նոր հրամանագրով նախորդը մերժելու հանգամանքը գուցե իրավական տեսանկյունից հնարավոր է ձևակերպել, սակայն նույնիսկ եթե նման հրամանագիր անգամ չստորագրվեր, չէր կարելի համաձայնվել, որ Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։
Կարապետյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ եթե ադրբեջանական կողմն այդ հրամանագրին հղում տար, ապա դա կնշանակեր, որ վերջինս ընդունում է այդուհանդերձ Արցախի Հանրապետությունը գոյություն է ունեցել՝ ի դեմս նախագահի և բոլոր պետական պատկան մարմինների, որոնք իրենց լուծարման մասին հրամանագիր են ընդունել։ «Այսինքն՝ դա կնշանակեր, որ իրենք ընդունում են իրենց կողմից սեպարատիստական որակված պետության գոյությունը և նրա կողմից ընդունված լուծարման հրամանագիրը։ Հետևաբար ես կարծում եմ, որ դիվանագիտական տեսանկյունից էլ Ալիևը հասկանում է, որ դա այն փաստաթուղթը չէ, որն արժի որպես խաղաթուղթ օգտագործել, սակայն նրանք էլ սպասում էին, որ երբ արցախահայերը տեղափոխվեն Հայաստան, պատկան մարմիններն՝ ի դեմս Շահրամանյանի, որևէ հրամանագրով, կամ նման իրավաբանական փաստաթղթով պետք է հանդես գային, ինչը տեղի ունեցավ»,- նկատեց նա։
Հարցին, թե այս որոշումը ինչ ազդեցություն կարող է ունենալ հետագա գործընթացների վրա, մեր զրուցակիցը պատասխանեց, որ հասկանալի է, որ խոսքը գնում է վտարանդի կառավարության մասին՝ ՀՀ տարածքում։ Նրա խոսքով՝ նախնական որոշումից պարզ է դառնում, որ բոլոր կառույցները վտարանդի կառավարության կազմում պետք է շարունակեն իրենց գործունեությունը, սակայն հասարակական հիմունքներով՝ առանց աշխատավարձ ստանալու։
Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ Արցախյան հակամարտությունը հանգուցալուծված չէ, այն նոր և ավելի սուր փուլ է մտել, իսկ եթե միակողմանի դիտարկենք Ալիևի ռեժիմի այն հայտարարությունները, թե Արցախն այլևս գոյություն չունի, և բոլորը պետք է առերեսվեն այդ իրողության հետ, ապա կարծում եմ՝ դա մեր կողմից անհեթեթություն կլինի, անգամ եթե խաղաղության դարաշրջան սկսելու հետնաֆոնին դա փորձենք որպես իմիտացիա օգտագործել։
«Կարծում եմ՝ բոլորն են հասկանում, որ Արցախի կոնֆլիկտը լուծված չէ, քանի դեռ բոլոր արցախահայերը լքել են իրենց հայրենիքը և այնտեղ գտնվող իրենց սեփականությունը, իսկ դա տեղի է ունեցել բացահայտ սպառնալիքի արդյունքում։ Դա հայաթափում և էթնիկ զտում է եղել, իսկ այդ համատեքստում չի կարող որևիցե մեկը համարձակվել ասել, թե Արցախյան հակամարտությունն իսպառ լուծված է։ Նման լուծում չի կարող լինել»,- շեշտեց նա։
Անդրադառնալով մամուլում առկա այն հրապարակումներին, թե Արցախի նախագահը մտավախություններ ունի, որ եթե ինքն այդ հրամանագիրը չեղարկելու մասին անձամբ հայտարարի, ապա դրանով կվնասի Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, Դավիթ Կարապետյանը նշեց՝ այս հարցը տարբեր կերպ կարելի է մեկնաբանել, սակայն դա ոչինչ չի փոխում։ Նրա խոսքով՝ եթե դա համարվում է պաշտոնական հայտարարություն, ապա կարևոր չէ դա արել է անձամբ նախագահ Շահրամանյանը, թե նրա նախարարը, դա երկրորդական հանգամանք է և ոչինչ չի փոխում։
Դավիթ Կարապետյանը հավելեց, որ կարևորը այս հայտարարության բովանդակությունն է, որը բավարար է քայլեր ձեռնարկելու և հայտարարություններով հանդես գալու համար։ «Թող այս հրամանագիրը չհնչեցվի անձամբ նախագահ Շահրամանյանի շուրթերից, սակայն բայց լինի համապատասխան պատկան մարմնի կողմից արտահայտված, որում կնշվի, որ Արցախի Հանրապետությունը որպես այդպիսին գոյություն ունի։ Հիմա պետք է սպասենք, թե Բաքվի արձագանքն ինչպիսին կլինի, պաշտոնական արձագանք առայժմ չունենք»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան