Պետական մարմիները մեր նամակները չեն կարդում․ դրանցում հայտնում ենք անօրինականությունների մասին

Ներքին 1 տարի առաջ - 14:50 16-12-2023
«Օրրան» բարեգործական կազմակերպությունը արդեն 23 տարի գործում է և օգնում է անապահով երեխաններին և ծերերին՝ տրամադրելով տաք սննունդ, հագուստ, կրթություն։

«Արդեն մի քանի ամիս է մեր կողքին շինարարություն է տեղի ունենում, որն ակնհայտ ապօրինի է և շատ մեծ վտանգ է ներկայացնում երեխաների կյանքի ու բոլոր այն մարդկանց համար ովքեր այցելում են այստեղ, որովհետև բոլոր հակահրդեհական պահանջները խախտվում են»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց «Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր և տնօրեն Արմինե Հովհաննիսյանը։

Վերջինս նշեց՝ ՀՀ օրենքը պահանջում է, որ ցանկացած շենք՝ հասարակական նշանակություն ունեցող, 6 մ հեռավորության վրա պետք է կառուցվի, սակայն ըստ փորձաքննության մասնագետների, այս շինությունը կառուցվում է 1,6 մ հեռավորության վրա։

Արմինե Հովհաննիսյանը դիմել է տարբեր պետական մարմինների՝ քաղաքապետարան, հակահրդեհային տեսչություն, կառավարություն, սակայն կարծում է, որ այնտեղ իր նամակները չեն ընթերցում․ «Հետաքրքիրն այն է, որ պետական մարմիները կարծես չեն կարդում մեր նամակները, որովհետև մեր նամակի մեջ ասում ենք անօրինականություն է տեղի ունենում, եկեք և ստուգեք։ Պատասխանը միշտ նմանատիպ է՝ իրենք կառուցելու շինթույլտվություն ունեն»։

Նրա խոսքով՝ իր համար շատ զարմանալի է և բացատրություն չունի, որ պետական մարմինները այս հարցին լուրջ չեն վերաբերվում, իսկ կառուցապատողը՝ շատ արագ տեմպերով կառուցում է, այն հույսով, որ ավարտից հետո այն չեն քանդի։

«Կառուցապատողները պնդում են, որ մենք մեր համաձայնությունն ենք տվել կառույցին, և իրենք ճիշտ են։ 4 տարի առաջ մենք թուղթ ենք ստորագրել ասելով՝ համաձայն ենք, որ կառուցվի երկու հարկանի շենք մեր կողքին, մենք ողջունում ենք կառուցապատումը, բայց մենք չենք ստորագրել, որ «Օրրան»-ի կողքին անօրինական շենք կառուցեն»- դժգոհեց բարեգործական կազմակերպության հիմնադիրը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում․