Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանը Ֆրանսիայից ձեռք է բերել «Բաստիոն» տեսակի հարձակողական զրահամեքենաներ, որոնք մեր երկիր կժամանեն Վրաստանի տարածքով։ Այս տեղեկությունը դեռևս նախօրեին հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ վրացական Փոթի նավահանգիստ են առաքվել ֆրանսիական ACMAT ընկերության արտադրության «Բաստիոն» զրահամեքենաները, որոնք նախատեսված են Հայաստանի համար։
Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր էին ստորագրել դեռևս հոկտեմբերի վերջին։ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուի խոսքով՝ Փարիզը Երևանին կմատակարարի երեք GM200 ռադարներ, Mistral հրթիռներ: Ըստ պաշտոնյաների՝ ֆրանսիական կողմը կօգնի Հայաստանին նաև զինված ուժերի բարեփոխումների հարցում։
Այս տեղեկությունը, ինչպես նաև «Բաստիոն» զրահամեքենաների վաճառքը Հայաստանի բնակչության մի մասի մոտ մեծ ոգևորություն է առաջացրել, մինչդեռ ռազմական փորձագետներից շատերը կարծում են, որ այս զրահամեքենաները ՀՀ-ին որևէ օգուտ չեն կարող տալ։
Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը հիշեցրեց, որ Ֆրանսիայի ռազմական նշանակության արբանյակները Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ օգտագործվել են Ադրբեջանի համար։ Նա ընդգծեց, որ Ադրբեջանի հաղթանակն ապահովող հիմնական կռվաններից մեկը երկնքում այդ երկրի բացարձակ իշխանությունն էր, որն ապահովվել է նաև ֆրանսիական արբանյակների միջոցով։
«Օդային մարտերը կառավարելու, թիրախները բացահայտելու գործողությունների ընթացքում Ֆրանսիայի ռազմական արբանյակն ուղղակի մասնակցություն է ունեցել»,- ասաց նա։
Ռազմական փորձագետը, անդրադառնալով «Բաստիոն» զրահամեքենաների արդյունավետությանը, ընդգծեց, որ Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչը հրաժարվել է այդ համակարգերից՝ ֆրանսիացիներին կոչ անելով, որ իրենք օգտագործեն դրանք։ Նրա խոսքով՝ ռուսական կամ սովետական արտադրության հակատանկային ցանկացած միջոց հեշտությամբ խոցում են «Բաստիոն» ամենագնաց զրահամեքենաները։
Հայկ Նահապետյանը ուշադրություն է հրավիրում այն բանին, որ այդ զրահամեքենաների արտադրության հիմքում ընկած է երկու հիմնական պարամետր՝ բարձր արագություն և գործելու հնարավորություն՝ ջերմաստիճանի մինչև 50 աստիճան տատանման դեպքում։ Նա նշում է, որ դա «Բաստիոն»-ը բաց տարածություններում անխոչընդոտ երթևեկող արագընթաց մեքենա է՝ անիվների վրա։ Նրա խոսքով՝ ֆրանսիացիները այս համակարգերը ստեղծել են աֆրիկյան երկրներում օգտագործելու նպատակով, որտեղ ջերմաստիճանի բավականին մեծ տատանումներ են տեղի ունենում, և անհրաժեշտ է եղել, որպեսզի նման տատանումների պարագայում այդ մեքենաների շարժիչը չխափանվի։
«Ուկրաինային վաճառում են, Ուկրաինան այդ «Բաստիոններն» ուղարկեց Մակրոնի մոտ՝ ասելով՝ «մեզ պետք չի»։ Եթե տեսականորեն շատ բարձր որակով, լավ պարամետրերով ամենագնաց է, մեզ լեռնային պայմաններում կռվի համար «Բաստիոն» պե՞տք է, առհասարակ ոչ միայն «Բաստիոն», այլ նաև ցանկացած տիպի զրահամեքենա պե՞տք է։
Այսօր մեր նկատմամբ հակառակորդի առավելությունն օդում է և անհրաժեշտ է դա չեզոքացնել, իսկ ձեռք բերվող սպառազինությունը պետք է լինի թիրախային՝ այդ հարցը լուծելու համար։ Եթե այդ հարցը չի լուծվում, ապա ո՞ւմ է պետք է այդ տեխնիկայի ձեռք բերումը, տեխնիկան պետք է գնել՝ մարտական խնդիր լուծելու համար»,- նկատեց նա։
Մեր զրուցակիցը չբացառեց, որ որևէ ֆորսմաժորային իրավիճակում, երբ ՀՀ-ում ռազմական դրություն կհայտարարվի, Փաշինյանի քաղաքական խմբակի համար այս մեքենաները փայլուն կերպով կծառայեն՝ Երևանի փողոցներում շրջելու, կամ երկրի մի բնակավայրից մյուսը տեղափոխվելու համար։ Նա նկատեց, որ այդ դեպքում Ոստիկանության և ԱԱԾ-ի մի քանի հազար աշխատակիցներն ամեն խաչմերուկում չեն կանգնի։
Հարցին, թե Ֆրանսիայի կողմից Հայաստանին այս համակարգերի տրամադրումն ինչ նպատակ է հետապնդում՝ ռազմական փորձագետը հակիրճ պատասխանեց՝ շոու։ Նա ընդգծեց, որ Ֆրանսիայի ունեցած տեխնիկան վաղուց բարոյական մաշվածության է ենթարկվել, չնայած արտաքին տեսքը լավ է պահպանվել, բացի այդ այն չի կարող լեռնային պայմաններում էֆեկտիկ աշխատել։
Նահապետյանը պնդեց, որ ֆրանսիական տեխնիկան՝ այդ թվում երեք GM200 ռադարները, որոնց մասին վերջին շրջանում շատ էր խոսվում, չեն համապատասխանում ՀՀ տեղանքին և աշխարհագրությանը։ Նա նաև հիշեցրեց, որ խոսքը վերաբերում էր ոչ թե տրամադրմանը, այլ մտադրություններին՝ նշելով, որ դրանք 2250 թվականին գուցե կժամանեն Հայաստան։
Ռազմական փորձագետը նաև պնդեց, որ հաշվի առնելով վրաց-ադրբեջանական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը, եթե ՀՀ-ն լրջագույն ռազմական տեխնիկա պետք է գնի, և որն էլ պետք է Սև ծովով՝ Վրաստանով Հայաստան ժամանի, ապա Վրաստանը արգելք է հանդիսանալու, որովհետև դա լինելու է Ադրբեջանի պահանջը։
«Մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը երեք տարի է առաջարկում է՝ առաջին հերթին երկնքի հետ կապված զինտեխնիկա՝ խոցող, անօդաչու թռչող սարքեր, մարտը կառավարող և այլն։ Բացի այդ՝ մենք այնտեղ կարող ենք մեր մասնագետներին վերապատրաստման ուղարկել, տեղափոխելու խնդիր չկար, քանի որ ունենք ուղղակի սահման»,- նշեց նա։
Հայկ Նահապետյանը հավելեց, որ ձեռք բերվող զինտեխնիկայի մասին պետք չէ բարձրաձայնել։ Նրա համոզմամբ՝ ներկայիս իշխանությունները տառապում են ինքնահաստատման մարմաջով, և մի բանը դեռ չարած սկսում են բարձրաձայնել։
«Գնվող տեխնիկայի քանակը, նպատակները, բոլորը գաղտնիք են, որովհետև դու դրանով ցույց ես տալիս քո ուժեղ և թույլ կողմերը։ Սրանք դեռ չգնած շոու են անում, դրա համար էլ այդ շոուների արդյունքում պատերազմը պարտվեցինք, իրենց համար պատերազմը շոու է»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան