Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն կվտարի Իսրայելի դեսպան Գալի Դագանին այն բանից հետո, երբ դիվանագետը քննադատել է իրեն պաղեստինցիներին աջակցության եւ Իսրայելին մեղադրելու համար՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։ Այս մասին տեղեկացնում է National Review-ն։
Պետրոն ասել է, որ Դագանը պետք է ներողություն խնդրի և հեռանա երկրից։
Հաղորդվում է, որ Դագանը Պետրոյին քննադատել է այն բանից հետո, երբ Կոլումբիայի նախագահը Իսրայելի ռազմական գործողությունները համեմատել է նացիստների կողմից հրեաների հետապնդումների հետ։ «Ոչ մի դեմոկրատ աշխարհում չի կարողանա հաշտվել Գազայի հատվածը համակենտրոնացման ճամբարի վերածելուն»,- ասել է Պետրոն։
Վերջինս նշել է նաև, որ Կոլումբիան կդադարեցնի միջազգային հարաբերություններն Իսրայելի հետ։
Պետրոյի հայտարարությունից հետո Իսրայելի իշխանությունները դադարեցրել են սպառազինության արտահանումը Կոլումբիա։