Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Գործնականում էլ դա այդպես է: Եվ միակ քննարկումը, որ մենք ցանկանում ենք, որ տեղի ունենա, դա, ինչպես նշեցի, Ստեփանակերտի ու Բաքվի միջև քննարկումներն են Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության և իրավունքների վերաբերյալ: Եվ այս առումով, կարծում եմ, եթե առաջընթաց գրանցվի, տարածքային որևէ խնդիր չի եղել և չի էլ լինի։ «Ամերիկայի ձայնին» ասել է Արմեն Գրիգորյանը, ով Վաշինգտոն կատարած իր այցի շրջանակում հանդիպել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի և այլ պաշտոնյաների հետ:
Պատասխանելով ԼՂ-ում ռուս խաղաղապահների հետ կապված հարցին՝ Գրիգորյանը նշում է. «Ռուս խաղաղապահների մասով՝ Ստեփանակերտում այն ակնկալիքները, որոնք եղել են, չեն արդարանում: Խնդիրներից մեկն այն է, որ Լաչինի միջանցքի փակ լինելը շատ լուրջ հիմնախնդիր է: Նոյեմբերի 9-ով [եռակողմ հայտարարությամբ] Ադրբեջանի որևէ ներկայություն չէր նախատեսվում Լաչինի միջանցքում, և խաղաղապահների խնդիրն էր, որպեսզի Լաչինի միջանքով տեղի ունենա ազատ տեղաշարժ: Այսօր այդ տեղաշարժը չկա, և մեր ակնկալիքն այն է, որ խաղաղապահներն իրականացնեն իրենց առաքելությունը ամբողջությամբ, և Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ չկանգնեն հումանիտար այսպիսի ճգնաժամի առաջ, որովհետև շարունակական ճգնաժամը խորանում է: Վերջին շրջանում միջանցքն ամբողջովին է փակ, նույնիսկ ապրաքնների տեղաշարժ չկա: Եվ սա բարդացնում է կյանքը հենց ԼՂ-ում: Ակնկալիքն այն է, որ այսպիսի ճգնաժամեր չլինեն: Հիմնական ակնկալիքն այն է, որ խաղաղապահները կարող լինեն իրենց մանդատի շրջանակում իրականացնեն այն գործառույթները՝ ասինքն ապահովեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը»:
Անդրադառնալով ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի վերջերս հնչեցրած առաջարկին՝ Գրիգորյանն ասել է, որ Վարդան Օսկանյանը տասը տարի նման հնարավորություն ունեցել է. փաստն այն է, որ չի կարողացել անել դա տասը տարում, ինչպե՞ս է դա անելու երեք ամսում:
«Ինձ նույնիսկ նման առաջարկում զարմացնում է ընկալումը պետության հանդեպ. այսինքն՝ եկե՛ք ստեղծենք երկրորդ պետություն կամ երկրորդ պետական ինստիտուտ այդպիսի հարցերի համար, ինչը կարծում եմ շատ անլուրջ է և չպետք է քննարկման առարկա դառնա այդ իմաստով, որովհետև փաստենք՝ նախ նա այդ հնարավորությունը ունեցել է և չի օգտագործել: Որտեղի՞ց համուզմունք, որ նա երկրորդ անգամ կարող է դա անել, այն էլ երեք ամսում ու ինչ-որ անհասկանալի մարդկանց միջոցով...»,- ասել է ԱԽ քարտուղարը:
«ՌԴ-ի կողմից Հայաստանին պայմանագրով նախատեսված զենք զինամթերքը չտրամադրելու հարցը շարունակում է մնալ օրակարգային հարց հայ-ռուսական հարաբերություններում, սակայն չի քննարկվել ռուսական կողմի հետ Մինսկում վերջերս կայացած ԱԽ քարտուղարների հանդիպման ժամանակ:
Բոլոր խնդիրները պետք է բաց, հանգիստ քննարկվեն մեր գործընկերների հետ, որպեսզի լուծում գտնեն, որովհետև այդ խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն: Հուսով ենք` այդ խնդիրները լուծում են ստանալու, որովհետև դրանք շատ կարևոր են Հայաստանի համար: Հույս ունենք, որ այդպիսի ընկալում կա, որ դրանք շատ կարևոր են Հայաստանի համար»,-ասել է նա: