Մի քանի անգամ ԴՆԹ ենք հանձնել, բայց համընկնում չի եղել. անհետ կորածի հայր
copy image url

Մի քանի անգամ ԴՆԹ ենք հանձնել, բայց համընկնում չի եղել. անհետ կորածի հայր

Ներքին 1 տարի առաջ - 21:30 05-07-2023

Անահիտ Զալիկյան

Լրագրող

Արցախցի ժամկետային զինծառայող Գ.Հ-ն ծառայել է Թալիշում, պատերազմի առաջին օրվանից զինծառայողը եղել է Թալիշի N զորամասում:
Տղայից սեպտեմբերի 27-ից առ այսօր լուր չունեն: Թեև որդու անուն-ազգանունը տեսել են զոհվածների ցուցակում, բայց արցախցի զինծառայողի հայրն ասում է՝ վստահ է, որ որդին ողջ է, իր որդին գերեվարվել է:

«Սեպտեմբերի 27-ից կապը կտրվել է որդուս հետ, առ այսօր տղայիցս լուր չունենք, մենք մի քանի անգամ ԴՆԹ թեստ ենք հանձնել, բայց համընկնում չի եղել: Ասել են, որ չի համապատասխանում»,-Oragir.news-ի հետ զրույցում պատմում է ժամկետային զինծառայողի հայրը՝ Վովա Հայրապետյանը:
Նրա խոսքերով՝ որդին հարմարվել էր ծառայությանը, պատերազմից առաջ էլ, երբ խոսել են նրա հետ, չեն զգացել, որ ինչ-որ բանից նեղվում է կամ դժգոհ է:

«Թալիշում էր ծառայում, պատերազմի ժամանակ էլ Թալիշի դիրքերից մեկում է եղել: Տղաս հունվարին պիտի զորացրվեր:

Ես «Կարմիր խաչին» էլ եմ դիմել, ՄԻՊ գրասենյակ էլ եմ դիմել, ամեն տեղ էլ դիմել եմ… սպասում ենք: «Կարմիր խաչից» ասել են, որ ներկայացված տվյալներով հարցում կանեն մյուս կողմին. դա է եղել, էլ բան չեն ասում:
Ես հույսեր ունեմ, որ իմ երեխեն ողջ է ու պիտի ողջ-առողջ հետ գա, բայց մեզ ոչ ոք չի ուզում օգնել:

Ես զգում եմ, որ իմ երեխեն գերության մեջ է բանտում, ես անընդհատ երազ եմ տեսնում, գյուղից էլի մարդիկ կան, որ երազ են տեսել, որ երեխեն բանտում է»:

Հայրապետյանն ասում է, որ ուր ասես դիմում են, ում ասես դիմում են, բայց արդյունք չկա: Չեն դժգոհում, չեն չարանում, պարզապես ուզում են իրենց որդուն գտնել:
«Մեկը պատմում է, որ տեսել է, որ որդիս զոհվել է, բայց ես զգում եմ, որ իմ որդին ողջ է, չգիտեմ, սպասում ենք, ամեն օր սպասում ենք»,-նշեց զինծառայողի հայրը: