Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը փլուզվի, ապա դրա հետևանքով Բելառուսը նույնպես կմնար փլատակների տակ։ Ինչպես փոխանցում է բելառուսական ԲԵԼՏԱ լրատվական գործակալությունը, այս մասին Լուկաշենկոն ասել է սպայական կազմին ուսադիրներ շնորհելու արարողության ժամանակ։
«Երբ Ռուսաստանում տեղի ունեցան իրադարձությունները, ես բոլոր հրամանները տվեցի բանակը լիարժեք մարտական պատրաստության բերելու համար։ Կեսօրից հետո բանակը, բոլոր զինված ուժերը, ներառյալ՝ ոստիկանությունը, հատուկ ջոկատայինները, բերվել են լիակատար մարտական պատրաստության վիճակի»,- ասել է նա։
Բելառուսի նախագահը հայտնել է նաև, որ ինչպես Բելառուսի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար բարդ ժամանակներ են: Նրա խոսքով՝ համաշխարհային նոր հակամարտության սպառնալիքը երբեք այսքան մոտ չի եղել, որքան այսօր։
Վերջինս հայտնել է նաև, որ Ռուսաստանի փլուզումը՝ որպես պետության, կհանգեցնի աղետի: «Իմ դիրքորոշումը հետևյալն է՝ եթե Ռուսաստանը փլուզվի, մենք կմնանք փլատակներում, բոլորս կմեռնենք»,- եզրափակել է նա։