ՌԴ-ում կատարվում է այն, ինչ Հայաստանում՝ 2016-ին․ մերոնք դրանից կոսմետիկ լուծում գտան
copy image url

ՌԴ-ում կատարվում է այն, ինչ Հայաստանում՝ 2016-ին․ մերոնք դրանից կոսմետիկ լուծում գտան

Խոսք Ներքին 1 տարի առաջ - 16:03 26-06-2023
Այն, ինչ այս պահին կատարվում է Ռուսաստանում, պետք է համեմատել նրա հետ, ինչ 2016 թվականին կատարվում էր Հայաստանում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ խոսելով ՌԴ-ում տեղի ունեցող զարգացումներից։

Դանիելյանը ընդգծեց, որ կա կառավարման ռեֆորմների խնդիր, կա հանրության կողմից արդարության պահանջ, կոռուպցիայի դեմ պայքարի պահանջ, և այդ ամենը տեղի է ունենում ռազմական իրավիճակներում։

«Նույնը մեզ մոտ էր տեղի ունենում 2016 թվականին, չնայած մեզ մոտ դա երկար չտևեց, բայց դա առաջին զանգն էր, դա Ռուսաստանում հիմա կատարվում է պատերազմական իրավիճակում։ Կա նաև բանակում ռեֆորմների հարց, որովհետև կյանքը ցույց տվեց, որ այդ բանակը վերափոխման կարիք ունի, այն էլ պատերազմական իրավիճակում։

Մեծ թվով գումար է կորչում, բանակը չի կարողանում իրեն պահել և այդտեղ առաջացել է խնդիր, որ պետք է պետությունը վերափոխվի, սանկցիաների մեջ առավել ևս, բանակը պատերազմական վիճակում վերափոխել, կոռուպցիայի դեմ պայքար, միաժամանակ այդ իրավիճակն է»,- ասաց քաղաքագետը։

Խոսելով այն մասին, թե ՌԴ ղեկավարը ստեղծված իրավիճակում կկարողանա՞ արձագանքել ստեղծված պահանջներին, թե՞ ոչ՝ ասաց, որ կյանքը ցույց կտա։ «2016 թվականին ՀՀ ղեկավարը կոսմետիկ փոփոխություններով փորձեց իրավիճակը փոխել, և մենք տեսանք, թե արդյունքը ինչ եղավ։ Հիմա այս նույն պրոցեսը ՌԴ-ում կարող է լինել, եթե այսօրվա ղեկավարությունը չարձագանքի այդ հանրային պահանջին»,- ասաց Դանիելյանը։

Քաղաքագետն ասաց, որ չի կարող ասել, թե իրավիճակը ինչպիսի հանգուցալուծում կգտնի։ Խոսելով ռուսաստանյան զարգացումների մեր երկրի վրա ունեցող ազդեցությունից՝ քաղաքագետն ասաց. «Դա մեր վրա ուղղակիորեն ազդեցություն կարող է ունենալ, որովհետև Ուկրաինայում գնում է պատերազմ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, այդ պայքարը ազդեցության գոտիների համար նաև մեր տարածաշրջանում է տեղի ունենում, բայց այստեղ կան նաև Իրանը, Թուրքիան իրենց խնդիրներով, ստրատեգյաներով, որը միշտ չի համընկնում Արևմուտքի ստրատեգյաների հետ։

Այստեղ խաղացողների քանակը ավելի շատ է և դրանով իրավիճակը ավելի վտանգավոր է ինչ-որ առումով, քան Ուկրաինայում»։

Պատասխանելով հարցին, թե ինչ պետք է անեն տեղի իշխանությունները ստեղծված իրավիճակից փոքր-ինչ շահած դուրս գալու համար՝ պատասխանեց. «Որպեսզի ինչ-որ բան անեն, նախ պետք է լինի իշխանություն, ես կարծում եմ, որ Հայաստանում չկա նման իշխանություն, որ կարող է արձագանքել այն խնդիրներին, որ կան այսօր Հայաստանի առաջ։ Այսօրվա իշխանությունը ունակ չի ոչ ինտելեկտուալ առումով, ոչ կամքի առումով, ոչ էլ հմտությունների առումով անել դա։ Ես ոչ մի սպասելիք չունեմ»։