Նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը
տեսանյութ էր տարածել՝ ահազանգելով, որ իրեն բերման են ենթարկել Երևան քաղաքի քննչական վարչություն, Արգիշտի Քյարամյանի գլխավորությամբ խոշտանգել են և սպառնացել, որ կսպանեն իր ընտանիքի անդամներին։
Հաջորդ տեսանյութով հայտնեց, որ Արգիշտի Քյարամյանն առաջարկել է լռել, փոխարենը քրեական հետապնդումները կկարճվեն։
Հիմա էլ նոր տեսանյութ է տարածել, որտեղ դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նա, մասնավորապես, ասել է. «Պարոն Փաշինյան, այն, ինչ ինձ հետ կատարվել է, կատարվել է ձեր իշխանության օրոք, կատարվել է քննչական մարմնում, կատարվել է պետական քողի տակ թաքնված հանցավոր խմբի կողմից: Այսօր էլ այդ խմբի մամուլի խոսնակը հայտարարել է, որ անհիմն են իմ ասածները և դա իրավական ընթացակարգերով կարող ենք քննարկել»:
Հիշեցնենք, որ Oragir.News-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը, անդրադառնալով հրապարակված տեսանյութին, ասել էր․ «Անհիմն, օդում արված հայտարարությունները չենք մեկնաբանում։ Դրա համար կա իրավական ընթացակարգ»։
«Ես խնդիր չունեմ, իրավական ընթացակարգերով էլ պետք է լինի, եթե լինի իրավական ընթացակարգ:
Ես ուզում եմ՝ մի փոքր բան խոսել ձեզ հետ, պարոն վարչապետ: Հիշո՞ւմ եք, դուք «Կոշ» քրեակատարողական հիմնարկում էիք, խոշտանգման ենթարկվեցիք: Լուրը մենք ստացանք, և ես փաստաբան Վահե Հովսեփյանի հետ 15-20 րոպեում Երևանից հասա «Կոշ»: Թե ես ինչ արեցի «Կոշ»-ի КПП-ի մոտ այդ լուրի ազդեցության տակ, որ Նիկոլ Փաշինյանը խոշտանգվել է, դա միայն կպատմեն այդ օրվա այդտեղի աշխատողները: Վահե Հովսեփյանը մտավ ձեզ մոտ, չգիտեմ՝ ինչ խոսեցիք, դուրս եկավ, ես մեքենայի մեջ սպասեցի, եկանք Երևան: Սա մի դրվագ:
Ես արդեն մեկ շաբաթ խոշտանգված եմ, ձեր կողմից որևէ ներկայացուցիչ, որին ես էլ կճանաչեմ, դուք էլ, որին ես էլ կվստահեմ, դուք էլ, ինձ չայցելեց՝ հասկանալու համար՝ իրոք քեզ Արգիշտի Քյարամյանը և Ազարտ Գևորգյանը խոշտանգե՞լ են, թե՞ ոչ: Ինչո՞ւ Դուք չեք ուզում սա պարզել: Ես չեմ կարծում, որ Դուք խոշտանգմանը կողմ եք, ուղղակի դուք չեք ուզում նայել իրականությանը, պարոն Փաշինյան: Դա ճիշտ չէ:
Ես կարող եմ մեկ րոպեում ապացուցել իմ ասածները, բայց դուք ուզո՞ւմ եք ապացուցվի, որ իրոք պետական կառույցի քողի տակ գործել է հանցավոր խումբ: Ես դա չգիտեմ: Չեմ ուզում մտածել, որ հրահանգավորել եք դուք»:
Մանրամասները՝ տեսանյութում։