Կոչ ենք անում Երևանին չհրաժարվել եռակողմ ձևաչափերով աշխատանքից, իսկ Բաքվին՝ ապաշրջափակել Լաչինի միջանցքը․ Զախարովա
copy image url

Կոչ ենք անում Երևանին չհրաժարվել եռակողմ ձևաչափերով աշխատանքից, իսկ Բաքվին՝ ապաշրջափակել Լաչինի միջանցքը․ Զախարովա

Արտաքին 1 տարի առաջ - 20:30 21-06-2023
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանին կոչ է արել չհրաժարվել եռակողմ ձևաչափերով աշխատանքից, իսկ Ադրբեջանին՝ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու ուղղությամբ։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Զախարովան ասել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։

Զախարովան ընդգծել է, որ եռակողմ ձևաչափում ժամանակի վատնումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի իրավիճակի վրա և ընդհանուր առմամբ հանգեցնում է իրավիճակի սրման: Նրա խոսքով՝ Մոսկվան շարունակում է աշխատել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով և այլ խողովակներով՝ Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման ուղղությամբ։

Ռուս պաշտոնյան հայտնել է, որ իրենք ակնկալում են, որ հայկական և ադրբեջանական կողմերը կշարունակեն կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած բոլոր պարտավորությունները։

«Կցանկանայի սրան ավելացնել, որ մենք կոչ ենք անում Երևանին չհրաժարվել եռակողմ ձևաչափերով աշխատանքից։ Նրանց գործունեության մեջ պարապ ժամանակը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի իրավիճակի վրա և ընդհանուր առմամբ հանգեցնում է իրավիճակի սրման: Մենք կոչ ենք անում Բաքվին քայլեր ձեռնարկել մարդասիրական նպատակներով միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու ուղղությամբ և Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ քաղաքական տարաձայնությունների պատանդ»,- հայտարարել է նա։