Հրազդան կիրճի այգին քարուքանդ վիճակում է, մանկական երկաթուղին՝ ևս

Տեսանյութ Ներքին 1 տարի առաջ - 11:55 18-06-2023
Երևանի մանկական երկաթուղին բացվել է 1937թ․ հուլիսի 6-ին։ Մայրաքաղաքում մանկական երկաթուղի ունենալու առաջարկն արել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը, որը 1936թ․ ապրիլին դրել է «Փարոս» (հետագայում՝ «Հայրենիք») կայարանի հիմնաքարը։
Oragir.News-ն այցելեց զբոսայգի, որտեղ հատուկենտ մարդիկ կային, քանի որ այգու բոլոր ենթակառուցվածքները՝ ատրակցիոնները, սրճարանները, փակ էին հարակից տարածքը՝ աղտոտված, այգու աստիճանները կոտրված էին, իսկ երկաթուղին, չնայած հին ու մաշված գնացքի, աշխատում էր։ Անմխիթար վիճակում էր նաև Երկաթուղու կայարանի շենքը։
Այգում զբոսնող քաղաքացիներն իրենց դժգոհությունն ու ափսոսանքն էին հայտնում, ասելով, որ մեծ ու կանաչապատ տարածքը, որը ժամանակին շատ գեղեցիկ այգի էր, վերածվել է աղբանոցի։
«Լավ է, որ միայն գնացքը մնացել է երեխաների համար, բայց ցավալի է, խնամք չկա։ Կարելի էր մի քիչ տարածքը խնամել, ավելի շատ այցելուներ կլինեին, երեխաները կգային, կուրախանային, և իհարկե ավելի շատ գումար կաշխատեր այգին։ Պետք է ներկեն այս հնությունը, թարմացնեն, ինչպես նաև գետի մաքրությունը շատ կարևոր է»։
Նշենք, որ գնացքից օգտվող օտարերկրյա քաղաքացիներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ 5 տարի է ընտանիքով ապրում են Երևանում, և այստեղ այցելել են գրեթե բոլոր տեսարժան վայրերը, բայց մանկական երկաթուղու տարածքում բնությունն այլ է, ինչը նրանց ավելի է դուր եկել․ «Մեզ այստեղ ամեն ինչ դուր է գալիս, սակայն մի փոքր վերանորոգումը չէր խանգարի, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ շատ լավ է»։
Նա նաև նշեց, որ բավականին անմխիթար է նաև Կենտրոնը Հրազդան կիրճին կապող թունելը, բայց չնայած այդ ամենին նրանք այցելել էին այգի։
Մանրամասները՝ տեսանյութում։