Այդ նույն տրամաբանությամբ կարող ենք ազգանվան մեջի յան վերջավորությունն էլ հանել,․ Արծվիկ Մինասյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:11 16-06-2023
Երեկ հետաքրքիր զուգադիպություն տեղի ունեցավ․ Ադրբեջանի սադրանքների ֆոնին և Հակարիի կամրջի վրա դրոշի միջադեպին զուգընթաց Նիկոլ Փաշինյանն էր վարկաբեկում մեր խորհրդանիշները։

Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Դատապարտելի և անընդունելի է, ով՝ ինչ ուզում է նման բան ասի, նման վարքագիծը մերժելի է։ Այս բոլոր հարցերի պատասխանները մենք պետք է փնտրենք այն հիմնական օրակարգի մեջ, որն առաջ է մղում Հայաստանի իշխանությունը։ Կեղծ խաղաղասիրական թեզեր են հնչում, քեզ սպանում են, գնդակահարում են, դու ասում ես՝ խաղաղություն, մինչև ե՞րբ»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց կոչն ամենևին էլ Ադրբեջանին պատերազմ հայտարարելը չէ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր հերթին նշեց, որ 10-20 տարի առաջ ոչ ոք չէր խոսում Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքի մասին։ Սա, Խաչատրյանի խոսքով, միայն այս իշխանությունների ժամանակ տեղի ունեցավ։

«Պետք փոխել այս իշխանությունների վարած քաղաքական կուրսը, դրա համար պետք է նախ այն իրականացնողին փոխել։ Իշխանություններին փոխելն է միակ հնարավոր միջոցը ՝ կանխելու Հայաստանի կատարյալ ձախողումը։ Ի դեպ, Փաշինյանն ասում է՝ Արարատը մոռանանք, Արագածը սիրենք, բայց Արագածի վրա էլ տարվա վեց ամիսը ձյուն է»,-հավելեց նա։

Անդրադառնալով Փաշինյանի՝ զինանշանի մասին հայտարարությանը՝ Մինասյանն ասաց․

«Այդ նույն տրամաբանությամբ կարող ենք ազգանվան մեջի յան վերջավորությունն էլ հանել, իսկ ո՞վ ասեց, որ Հայաստանում առյուծներ չկան, Արարատն էլ մարդկության ծնունդը խորհրդանշող լեռ է։ Մեր սուրբ լեռան մասին նման հայտարություններն ի՞նչ են նշանակում»,-հարց բարձրացրեց քաղաքական գործիչը։