2014 թվականից հետո առաջին անգամ Ռուսաստանը վերադարձել է աշխարհի խոշորագույն տնտեսությունների տասնյակ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով Համաշխարհային բանկի և ազգային վիճակագրական ծառայությունների տվյալներին։
Հաղորդվում է, որ 2022 թվականի վերջին Ռուսաստանը արտադրել է 2.3 տրիլիոն դոլարի ապրանքներ և ծառայություններ, ինչը երկրին թույլ է տվել համաշխարհային տնտեսությունների շարքում զբաղեցնել ութերորդ հորիզոնականը։ Վերջին անգամ 2014 թվականին երկիրը հայտնվել էր իններորդ հորիզոնականում՝ 2.05 տրիլիոն դոլար ՀՆԱ-ով։ 2021-ին Ռուսաստանի տնտեսությունը զբաղեցրել էր տասնմեկերորդ հորիզոնականը։
Համաշխարհային տնտեսությունների շարքում առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն՝ 25.46 տրիլիոն դոլար անվանական ՀՆԱ-ով: Երկրորդ տեղում Չինաստանն է (17.94 տրիլիոն), իսկ լավագույն եռյակը ավանդաբար եզրափակում է Ճապոնիան (4.17 տրիլիոն)։
Երկրների վարկանիշն ըստ ՀՆԱ-ի հաշվարկվել է ազգային վիճակագրական գերատեսչությունների կողմից տրամադրված վերջին տարեկան կամ եռամսյակային տվյալների հիման վրա ազգային արժույթներով և, անհրաժեշտության դեպքում, վերահաշվարկվել է դոլարով` համապատասխան ժամանակաշրջանի միջին փոխարժեքով: