Օրերս ՔՊ-ական նախկին պատգամավոր, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ Գայանե Աբրահամյանը Հանրային հեռուստաընկերությամբ հայտարարեց, որ Ռուսաստանը խոչընդոտում է Հնդկաստանից գնած զենքի տեղափոխմանը Հայաստան։
«Վստահաբար, ունեմ այդպիսի տեղեկատվություն, ՌԴ-ն խոչընդոտում է, որ Հնդկաստանից Իրանի տարածքով ռազմատեխնիկան բերվի։ ՌԴ-ն չպետք է խոչընդոտի, մեզ իր աջակցությունը հարկավոր չէ, բայց գոնե չխոչընդոտի, որ այն զենքը, որը գնել ենք, բերենք, չենք կարողանում բերել»,- ասել է նա։
Տեղեկատվությունը լայն քննարկման արժանացավ համացանցում, շատերի համար տարակուսելի էր, նախ՝ թե որտեղից նախկին ՔՊ-ական պատգամավորին ու մարդու իրավունքներով զբաղվող ՀԿ ղեկավարին զենքի մատակարարման վերաբերյալ փակ տեղեկատվություն, ապա նաև հայտարարություն անող անձը արևմտյան ՀԿ-ներից սնվող «Հոդված 3» ակումբի հիմնադիրն էր, ու նրա հայտարարությունն ընկալվել էր որպես հակառուսական քարոզչություն։
Միաժամանակ, խոսքը հնդկական զենքի մասին է, իսկ զենքի շուկայում Հնդկաստանը և որպես գնորդ, և որպես վաճառող խիստ որոշակի համբավ ունի, պատվերների չկատարմամբ, ձգձգվող պայմանագրերով ու կոռուպցիոն դրսևորումներով։ Այս հարցերի շուրջ
Oragir.News-ը փորձեց զրուցել Գայանե Աբրահամյանի հետ։
Նա նախ ասաց, որ չափազանց զբաղված է ու չի կարող մեկնաբանություն տալ, ապա, երբ տեղեկացավ, թե ինչ թեմայով են մեր հարցերը, առհասարակ, հրաժարվեց զրուցել։
«Այդ մասով այն, ինչ ասել եմ հաղորդման ժամանակ՝ դա է, այլ տեղեկություն չեմ կարող տրամադրել»։
Ասացինք, որ հարցեր են առաջանում, թե առհասարակ, իրեն որտեղից նման տեղեկատվություն։ Աբրահամյանն ասաց, որ չի մեկնաբանում և անջատեց հեռախոսը։