Խորհրդարանում իրենց փորձաշրջանն անցնող ապագա քաղաքագետների ու արեւելագետների հետ ապրիլի 25-ին հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը:
Պատգամավորը պատասխանել է մայր բուհի ուսանողներին հետաքրքրող հարցերին՝ ներկայացնելով նաեւ իր գործունեության հիմնական ոլորտները, օրենսդրական նախաձեռնությունները:
Փորձնակների հարցերի շրջանակն ընդգրկել է անվտանգային հիմնահարցերը, սոցիալական ապահովության, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց եւ կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարված աշխատանքները:
«Կարեւոր է, որ սոցիալական ուղղվածությունը, մտածողությունը տեղ ունենան քաղաքականություն մշակողների մոտ»,- նշել է պատգամավորն՝ ընդգծելով, որ պետությունը պարտավորություն ունի ոչ միայն ապահովել տարբեր խոցելի խմբերի կենսագործունեութունը, տրամադրել արտոնություններ եւ սոցիալական աջակցություն, ալ նաեւ նպաստել նրանց իրավունքների իրացմանը:
Խոսելով 2018 թվականից հետո սոցիալական ոլորտում կատարված աշխատանքների մասին՝ Զարուհի Բաթոյանն առանձնացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի ընդունումը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացումը:
Պատգամավորը նաեւ անդրադարձել է ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությանը: Զարուհի Բաթոյանը խոսել է բռնության ենթարկված անձանց ապաստարաններով ապահովելու, ինչպես նաեւ երեխաներին, տարեցներին եւ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայություններից:
Պատգամավորը նաեւ խոսել է իր եւ գործընկերների՝ Սոնա Ղազարյանի եւ Ծովինար Վարդանյանի հեղինակած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» եւ կից օրենքների փաթեթով նախատեսվող փոփոխություններից: