Հայտարարությունը հակահայկական է, փորձելու են հայկական նոր տարածքներ զավթել․ քաղաքագետների դիտարկումները
copy image url

Հայտարարությունը հակահայկական է, փորձելու են հայկական նոր տարածքներ զավթել․ քաղաքագետների դիտարկումները

Ներքին 2 տարի առաջ - 10:47 01-11-2022
Սոչիում ավարտվեցին Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան բանակցությունները։ Ռուսաստանի Դաշնության նախագահն առանձին հանդիպումներ ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, որից հետո կայացավ եռակողմ ձևաչափով հանդիպում, և ընդունվեց հայտարարություն։

Մինչ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ ցնծում են՝ այն համարելով հաղթանակ, քանի որ կրկին կիրառված արտահայտությունների մեջ կա «տարածքային ամբողջականության» մասին հղում, սակայն չկա հիշատակում «ազգերի ինքնորոշման մասին», իսկ Հայաստանի մեկնաբանները տարբեր տեսանկյուններից են դիտարկում այս հայտարարությունը։

Ըստ մեկնաբան Նաիրի Հոխիկյանի՝ Սոչիի հայտարարությունն ընդհանուր առմամբ հակահայկական է և մեզ համար որևէ դրական միտք չի պարունակում․․․ Սա հայկական կողմի աշխատանքի բացակայության հետևանք է։ Բայց, եթե փորձենք ավելի ուշադիր նայել, ապա կտեսնենք, որ Ռուսաստանի կողմից տեքստում նշվել են մտքեր, որոնք թեպետ արվել են ռուսական շահի առաջմղման համար, բայց մեզ տալիս են որոշակի հնարավորություններ։ Դրանցից մեկը վերաբերում է Արցախում ռուսական խաղաղապահ զորքի դերին։ Ադրբեջանի նախագահը փաստացի ընդունում է, որ խաղաղապահները կարևոր դեր են կատարում Արցախում, հետևաբար նրանք մնալու են այստեղ։ Ես վստահ եմ, որ դեռ շատ երկար կմնան, եթե չասենք՝ տասնամյակներ։

Մյուս կետը 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիշատակումն է։ Այս փաստաթուղթը ներառել է մի կարևոր կետ ինքնավար կազմավորումների ինքնորոշման իրավունքի և ԱՊՀ-ի կազմ մտնելու հնարավորության մասին՝ ուղիղ կերպով առնչվելով Արցախին։ Թեպետ Սոչիի հայտարարության մեջ խոսք չկա ինքնորոշման մասին, բայց Ալմա-Աթայի հռչակագրի հիշատակումն արդեն իսկ դրա վկայությունն է։ Մեզ համար կարևոր է հենց այս հռչակագրի շարունակական վկայակոչմամբ առաջ մղել ինքնորոշման իրավունքը։ Հայտարարության մնացած հատվածները մեծ հաշվով քաղաքական լոլո-ներ են, արարողակարգային տողեր»։

Քաղաքագետ Արեգ Քոչինյանի դիտարկմամբ՝ կարևոր է, որ պայմանավորությունները լինեն ձևակերպված-գրավոր, քանի որ, եթե շատ հստակ ու սևով սպիտակի վրա չի արձանագրվում, ապա այն ընդհանրապես գոյություն չունի, բանավոր խոսքն այս հարցում չի կարող արժեք ունենալ։

Քաղաքագետ, պատմաբան Արմեն Այվազյանի խոսքով՝ Պուտին-Ալիև-Փաշինյան Սոչիում այսօրվա հանդիպումը եկավ իրավիճակը ոչ թե լիցքաթափելու, այլ է՛լ ավելի սրելու։ «Եվ դա միանգամայն բնական է։ Քանի դեռ Հայաստանն ուշքի չի եկել 2020-2022 թթ. իր կրած ռազմական պարտություններից, Ռուսաստանն էլ շփոթահար ու խառը ներքին և արտաքին քաղաքականություն է վարում, Ադրբեջանն ու նրա թիկունքում կանգնած Թուրքիան մեկ քայլ անգամ չեն նահանջելու և դեռ փորձելու են հայկական նոր տարածքներ զավթել։
Մեզ մնում է միակ ճանապարհը. ամեն օր, ամեն ժամ պատրաստվել ինքնապաշտպանության։

Հասկացողների համար դա միշտ էր պարզ։ Բայց Փաշինյանի ու նրա թիմակիցների համար ինքնապաշտպանությունն ու ազատագրական պատերազմն անընկալելի կատեգորիաներ են։ Պետության ղեկին մեզ հարկավոր են բոլորովին այլ կենսագրության և բնույթի գործիչներ։ Ժամանակը չի սպասում»,- նշել է քաղաքագետ-պատմաբանը։

Նույն միտքն առավել պատկերավոր է ներկայացրել ռազմագետ Կարեն Վրթանեսյանը․ «Կխնդաք, բայց երեխա ժամանակ ամեն անգամ, երբ հեռուստացույցով «Երեք հրացանակիրներն» էին ցույց տալիս, մյուս օրը սենց սրած արմատուրեքից ու ինչից ասես սարքած սուսերներով էինք իջնում բակ, իրար մի բոլ ջարդում, ճղում, ծակում (հրաշք է, որ ոչ ոքի աչք չենք հանել) ու վերքերով, արյունոտ շորերով, բայց կյանքից շատ գոհ գնում էինք տուն։ Չէ մի՝ «Մայնքրաֆթ»...»։

Նշենք, որ տարածաշրջանն ակնհայտորեն աշխարհի ուշադրության առանցքում է․ Սոչիի հանդիպումից շաբաթներ առաջ՝ հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ հանդիպում էր կայացել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։ Իսկ այսօր արդեն իրանական կողմի հրավերով ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Իրան է մեկնել։

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված