Վերջերս սոցցանցի օգտատերերից մեկը տարածել էր տեսանյութ, որտեղ օգտատերը մանրամասն ցույց է տվել, թե ինչպես է Պարոնյան փողոցի մայթի վրա քաղաքացին իր շինությունն առաջ տվել։
Oragir.News-ը քաղաքապետարանից տեղեկացավ, որ շինությունը կառուցվել է 1992թ.-ին, այն զբաղեցնում է ոչ միայն մայթը, այլ նաև փողոցի որոշ հատվածը։
Գյումրիի քաղաքապետարանի կողմից տան բնակիչներին տրվել է զգուշացում՝ գույքը տեղափոխելու և տարածքն ազատելու, բայց շինության բնակիչները դժգոհ են քաղաքապետարանի որոշումից։ Ասում են՝ մեկ կոպեկ փոխհատուցում չեն տեսել քաղաքապետարանից, թող փոխհատուցում տան, իրենք էլ կքանդեն "пожалуйста":
Գյումրիի քաղաքապետարանից էլ ասում են, որ ինքնակամ շինության բնակիչներին դեռևս 2 ամիս առաջ են զգուշացրել, հիմա պիտի ապամոնտաժեն շինությունը, որովհետև խախտվել է քաղաքաշինական նորմերը և խանգարում է այլոց իրավունքները։
Այս շինությունը ոչ առաջինն է, և ոչ էլ, դժբախտաբար, վերջինը։ Բանն այն է, որ Գյումրիում ինքնակամ շինությունների կառուցումն անհասցե ու անկանոն սկսվեց 1988-ի երկրաշարժից հետո՝ քաղաքի տարբեր հատվածներում, շատ դեպքերում էլ քաղաքաշինական նորմերի խախտումներով, շինությունները սնկի նման աճեցին Գյումրիում, չկար վերահսկողություն, ամեն մարդ իր տունը հարմարեցնում էր իրեն։
Նախնական թիվ ու տվյալ, ապօրինի շինությունների վերաբերյալ, դեռ մեկ տարի առաջ շրջանառվում էր 2700-ը։ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի խոսքով՝ մինչև 2021 թվականը տարբեր տարիներին կառուցվել են ինքնակամ շինություններ, որոնց մի մասը օրինականացվել է, մի մասն էլ մնացել է ապօրինի կարգավիճակով՝ տարբեր պատճառներով։
Որոշ դեպքերում ինքնակամ շինություններ կատարողները չեն դիմել, մյուս կողմից քաղաքապետարանը համապատասխան միջոցառումներ չի ձեռնարկել, և ունենք որոշակի քանակությամբ ապօրինի շինություններ։
Նշենք, որ ովքեր ունեն ինքնակամ կառուցված շինություններ մինչև 2024 թ․-ի հունվարի 1-ը պիտի հաշվառման կանգնեն կադաստրի կողմից։ Հակառակ դեպքում նրանք հնարավորություն չեն ունենա այլևս օրինականացնելու։
Քաղաքապետարանը չի կարողանալու քննարկել այդ օրինականացման հարցը, կարող են քննարկել միայն այն դեպքում, եթե հաշվառված լինեն։ Բայց հաշվառումն էլ դեռ չի նշանակում, որ միանաշանակ օրինականացման ենթակա է տվյալ շինությունը։