«Ավրորայի լուսաբացը» կրկին մեծ էկրանին է
copy image url

«Ավրորայի լուսաբացը» կրկին մեծ էկրանին է

Մշակույթ 1 տարի առաջ - 18:22 21-04-2023
Ապրիլի 20-28-ը «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին (ֆիլմը՝ հայերեն, անգլերեն ենթագրերով)։

Հիշեցնենք, որ անցյալ ամիս «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը Ժնևի Մարդու իրավունքների միջազգային կինոփառատոնում և ֆորումում (FIFDH) արժանացել է գլխավոր մրցանակի, իսկ Ավստրալիայում կայացած Europa Film Festival կինոփառատոնում՝ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Ֆիլմը շարունակում է իր հաղթարշավը և այս տարի ներկայացվել է նաև Օսկարի։

«Ավրորայի լուսաբացը» ներկայացնում է Ավրորա Մարդիգանյանի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրելուց մինչև հոլիվուդյան աստղ դառնալու ոդիսականը: Հոլիվուդյան համր ֆիլմում վերամարմնավորելով ինքն իրեն` դեռատի աղջիկը կրկին վերապրում է ցեղասպանության սարսափները՝ նպատակ ունենալով աշխարհին պատմել Հայոց Եղեռնի մասին:

Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի ցեղասպանության բանավոր արխիվի հիման վրա։ Ավրորա Մարդիգանյանի հետ շուրջ 6 ժամ տևողությամբ հարցազրույցից ընտրված հատվածները հիմք են հանդիսացել ֆիլմի սցենարի համար։

«Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմ է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսոր և սցենարիստ՝ Իննա Սահակյան, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե: