Ղարաբաղում ապրող հայերը կա՛մ պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն, կա՛մ ապրելու այլ տեղ գտնեն. Ալիև
copy image url

Ղարաբաղում ապրող հայերը կա՛մ պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն, կա՛մ ապրելու այլ տեղ գտնեն. Ալիև

Արտաքին 2 տարի առաջ - 18:00 18-04-2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Հայաստանը, որը ժամանակին ասում էր Արցախը Հայաստան է և վերջ, այժմ պետք է ընդունի որ «Արցախն Ադրբեջան է և բացականչական նշան»։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Ալիևը շեշտել է, որ Հայաստանը ցույց է տվել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա խաղաղության պայմանագիր ստորագրելու իր պատրաստակամությունը։ «Հայաստանը, որը ցույց է տվել իր պատրաստակամությունը խաղաղության պայմանագրի՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա, այժմ պետք է պաշտոնապես հայտարարի, որ Ղարաբաղը Ադրբեջան է»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ պնդել է, որ Արցախի հարցն Ադրբեջանի ներքին գործն է, և Բաքուն որևէ երկրի հետ իր ներքին գործերը չի քննարկելու։ Նա շեշտել է, որ Արցախում ապրող հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ իրենց համար ապրելու այլ վայր գտնեն։ «Այստեղ կա լիակատար ազատություն, առաջարկվում են բոլոր ժողովրդավարական հիմքերը։ Այս հարցը պետք է լուծվի մարդու իրավունքների հիման վրա»,- նշել է նա։

Վերջինս նաև հոխորտացել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո նախորդ երկուսուկես տարվա ընթացքում Հայաստանը, նրա հովանավորները և աջակիցները հստակ տեսել են Ադրբեջանի կամքը, վճռականությունը և ուժը։ Նրա խոսքով՝ այդ ընթացքում բազմաթիվ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել ինչպես հայ-ադրբեջանական պետական սահմանին, այնպես էլ Արցախի՝ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող հատվածում։ Ալիևը սպառնացել է, որ որևէ մեկին թույլ չի տա «Ադրբեջանի տարածքում ձի խաղացնել»։

Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում Հայաստանի դիրքորոշման մեջ վերջին երկու տարում տարբեր փոփոխություններ են եղել։ Նա պնդել է, որ Հայաստանը սկզբուքորեն համաձայն է Ադրբեջանի դիրքորոշմանը, քանի որ այլ տարբերակ չկա։ «Այդ իսկ պատճառով նախորդ տարվա հոկտեմբերին Պրահայի և Սոչիի հանդիպումներում Հայաստանը պաշտոնապես ընդունեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Այսինքն՝ նա ընդունել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև սահմանները պետք է որոշվեն Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի հիման վրա»,- հայտարարել է նա։

Ալիևը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ադրբեջանը նախորդ երկուսուկես տարում մեծ ուշադրություն է հատկացրել բանակաշինության խնդիրներին։ Նրա համոզմամբ՝ այսօր Ադրբեջանի բանակը շատ ավելի ուժեղ է, քան 2020 թվականին, երբ հաղթանակ տարավ պատերազմի դաշտում։ «Սակայն, միևնույն ժամանակ, կրկին ուզում եմ ասել, որ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած իրավիճակի ցանկացած պահի», - նշել է նա։

Ադրբեջանի ղեկավարը նաև հավելել է, որ Հայաստանում ռևանշիստական ուժերը կրկին ակտիվանում են։ «Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած իրավիճակի և ստեղծենք այնպիսի բանակ, որը կլինի օրինակելի համաշխարհային մասշտաբով և կլինի ամենաուժեղ բանակներից մեկը։ Այսօր էլ ադրբեջանական բանակն ուժեղ է»,- եզրափակել է նա։