Հորդորում ենք զերծ մնալ բանկային համակարգի գործունեությունն անհիմն շահարկելուց․ հայտարարություն
copy image url

Հորդորում ենք զերծ մնալ բանկային համակարգի գործունեությունն անհիմն շահարկելուց․ հայտարարություն

Ներքին 2 տարի առաջ - 13:25 15-04-2023
Հայաստանի բանկերի միությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով զերծ մնալ բանկային համակարգի գործունեությունն անհիմն շահարկելուց և չհիմնավորված գնահատականներ տալուց։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․

«Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացել են տարաբնույթ սահմանափակումներ՝ թողնելով էական բացասական ազդեցություն ֆինանսական շուկաների վրա ամբողջ աշխարհում՝ հանգեցնելով արժույթների փոխանակման կուրսերի տատանումների, ֆինանսական միջոցների փոխանցումների հնարավորությունների սահմանափակման, կանխիկ և անկանխիկ միջոցների արժեքների էական շեղման, որոշ երկրներում ստվերային արտարժութային շուկաների առաջացման, գործող մի շարք ֆինանսական համակարգերի փոխակերպման և ֆինանսական գործառնությունների իրականացման հետ կապված ռիսկերի զգալի բարձրացման:

Արտաքին գործոնների ազդեցությունից չէր կարող անմասն մնալ նաև ՀՀ բանկային համակարգը։ Ստեղծված իրավիճակում առաջացած ֆինանսական ռիսկերը զսպելու և արդյունավետ կառավարելու, համակարգի բնականոն և անխափան գործունեությունն ապահովելու, ինչպես նաև հաճախորդներին պատշաճ սպասարկելու նպատակով՝ ՀՀ բանկային համակարգի կողմից ձեռնարկված միջոցներն ու տարվող քաղաքականությունը հիմնավոր է, համարժեք և արդյունավետ:

Ստեղծված իրողությամբ պայմանավորված առևտրային բանկերի կողմից մատուցվող մի շարք ծառայությունների մասով կատարվեցին սակագների փոփոխություններ, ինչը հանդիսացավ իրավիճակին ոչ լավատեղյակ և ոչ կոմպետենտ անձանց կողմից չհիմնավորված հայտարարություններ և գնահատականներ հնչեցնելու պատճառ:

Այս կապակցությամբ հորդորում ենք զերծ մնալ բանկային համակարգի գործունեությունն անհիմն շահարկելուց, չհիմնավորված գնահատականներ տալուց և հանրությանը ապակողմնորոշելուց»: