Մենք մտադիր ենք Թուրքիան վերածել սեյսմակայուն բնակարաններով երկրի. Էրդողանը խոստանում է մեկ տարում վերականգնել աղետի գոտին
copy image url

Մենք մտադիր ենք Թուրքիան վերածել սեյսմակայուն բնակարաններով երկրի. Էրդողանը խոստանում է մեկ տարում վերականգնել աղետի գոտին

Արտաքին 2 տարի առաջ - 22:00 24-03-2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի իշխանություններն ու ժողովուրդը վճռական են տրամադրված շարունակելու զարգացման ուղին, ինչի համար անհրաժեշտ է առաջին հերթին վերացնել լայնածավալ աղետի հետևանքները։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Էրդողանն այս մասին ասել է Ալեքսանդրետ քաղաքում նոր բնակելի շենքերի և պետական ​​հիվանդանոցի հիմնարկեքի արարողության ժամանակ իր ունեցած ելույթում։

Էրդողանը հիշեցրել է, որ փետրվարյան ավերիչ երկրաշարժերի հետևանքով մահացել է ավելի քան 50 հազար քաղաքացի։ Նրա խոսքով` աղետի գոտու բնակիչներին օպերատիվ կերպով հանձնվել է 156 հազար վրան, տեղադրվել է 36 հազար մոդուլային բնակելի կառույց։

«Մեր ցավն անչափելի է։ Մենք միշտ կհիշենք ողբերգության զոհերին։ Այսօր մեր ընդհանուր խնդիրն է վերականգնել համաքաղաքացիների հավատը ապագայի նկատմամբ։ Դրա համար մենք պետք է կենտրոնանանք տուժած տարածքների վերականգնման վրա»,- ասել է նա։

Վերջինս ուշադրություն է հրավիրել Ալեքսանդրետի նահանգում առկա ավերածությունների չափի վրա։ Նա նշել է, որ ամենամեծ թվով զոհերն ու ավերածությունները հենց Ալեքսանդրետում են գրանցվել։

«Միայն Հաթայի (Ալեքսանդրետի թուրքական անվանումը-խմբ) վարչական կենտրոնում ավերվել կամ քանդման ենթակա են մինչև 100 հազար բնակելի շենքեր։ Իսկ ամբողջ նահանգում այս ցուցանիշը հասնում է 238 հազարի»,- ասել է նա։

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ այսօր Ալեքսանդրետի նահանգում 3122 շենքի հիմք է դրվել, իսկ արդեն կառուցվող տների դեպքում այս թիվը հասնում է 22467-ի։

Էրդողանը վստահեցրել է, որ աղետի գոտու բնակավայրերի վերականգնման գործընթացը ավարտին կհասցնի և բոլոր քաղաքները կվերականգնվեն։ Նա պարզաբանել է, որ առաջիկա 12 ամսում աղետի գոտում կկառուցվի 319 հազար բնակարան։«Մենք նպատակ ունենք Թուրքիան վերածել սեյսմակայուն բնակարաններով երկրի»,- ընդգծել է Էրդողանը։