Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ և արտաքին քաղաքական հարցերով օգնական Իբրահիմ Քալընը Վաշինգթոն կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և այդ երկրի պետքարտուղարի քաղքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։
Հաղորդվում է, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են թուրք-ամերիկյան քաղաքական և տնտեսական հարաբերությունների, պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության, էներգետիկ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացին և ռուս-ուկրաինական պատերազմին վերաբերող հարցեր։ Պաշտոնյաները նաև անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի մանրամասներին։
Իբրահիմ Քալընը գոհունակություն է հայտնել, որ ԱՄՆ-ն և միջազգային հանրությունը Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո աջակցություն և համերաշխություն են ցուցաբերել։ Նրա խոսքով՝ Թուրքիան շարունակում է ջանքերը երկրաշարժի հետևանքների վերացման և արագ վերականգնման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են թուրք-ամերիկյան հարաբերությունների ռազմավարական նշանակությունը և երկու դաշնակից երկրների համագործակցությունը գլոբալ և տարածաշրջանային հարցերի շուրջ փոխադարձ հարգանքի և հետաքրքրության հիման վրա շարունակելու կարևորությունը։ Կողմերը համաձայնել են պարզեցնող քայլեր ձեռնարկելու հարցում, որպեսզի երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը հասնի 100 մլրդ դոլարի նպատակային ցուցանիշին։ Այս համատեքտում ուշադրության կենտրոնում է եղել պաշտպանական արդյունաբերության ոլորտում առանց նախապայմանների համագործակցության շրջանակների խորացումը։
Թուրքական կողմն ընդգծել է, որ Անկարան սկզբունքորեն աջակցում է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը։ Նրա խոսքով՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի կողմից եռակողմ համաձայնագրի շրջանակներում իրենց ստանձնած պարտավորությունների կատարումը կարագացնի գործընթացը։
Բացի այդ նշվել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի երկարաձգումը խորացրել է տարածաշրջանային և գլոբալ անկայունությունը։ Թուրք պաշտոնյան հայտնել է, որ Անկարան կշարունակի իր դիվանագիտական ջանքերը՝ կարգավորման հասնելու համար և ուշադրություն հրավիրել հացահատիկի փոխադրման համաձայնագրի երկարաձգման հարցում թուրքական կողմի դերի վրա։ Նշվել է նաև, որ Թուրքիան կշարունակի վճռականորեն պայքարել բոլոր ահաբեկչական կազմակերպությունների դեմ։