Միջազգային հանրությունը պետք է առավելագույն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հարցը լուծելու համար. Ռասմուսեն
copy image url

Միջազգային հանրությունը պետք է առավելագույն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հարցը լուծելու համար. Ռասմուսեն

Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 20:24 14-03-2023
ԼՂ բնակչության իրավունքները և անվտանգությունը երաշխավորելու համար պետք է ստեղծվեն միջազգային մեխանիզմներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՆԱՏՕ-ի նախկին քարտուղար, Rasmussen Global միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենը։

«Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հասնենք տևական և արդար խաղաղության համաձայնագրի: Այդ համաձայնագրում շատ կարևոր տարր պետք է լինի ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքը: Եվ այդ իրավունքները և անվտանգությունը երաշխավորելու համար մենք պետք է ունենանք միջազգային մեխանիզմներ, որոնք կմշտադիտարկեն, կվերահսկեն և կերաշխավորեն դրանք»,- նշել է նա:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ Ռասմուսենը նշել է, որ կցանկանային շատ սերտ համագործակցել ՀՀ կառավարության հետ:

«Դա լայն համագործակցություն կլինի, որը լայն թեմաների կանդրադառնա: Բնականաբար, խոսում ենք ԵՄ-ի կողմից քաղաքական աջակցության մասին: Կարծում եմ, որ հիմա շատ անհրաժեշտ է, որ մենք տեղեկացվածությունը բարձրացնենք, որ ԼՂ-ում կա հումանիտար ճգնաժամ: Եվ միջազգային հանրությունը պետք է առավելագույն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որ այս հարցը լուծվի»,- ասել է նա:

Նա ընդգծել է, որ ցանկանում են աջակցել ՀՀ կառավարությանը, որ էլ ավելի բարձր մակարդակի հասցվի ԵՄ-ի հետ երկխոսությունը, որը կներառի նաև անվտանգության քաղաքականության թեմայով երկխոսություն:

«ԵՄ-ն լայն գործիքակազմ ունի, որը կարող է օգտակար լինել Հայաստանին: Կարծում եմ, որ Հայաստանը միջազգային էլ ավելի շատ գործընկերների կարիք ունի, քան ունի այսօր»,- ասել նա՝ նշելով, որ Հայաստանի հետ ռազմական համագործակցության եզրերը մանրամասն չեն քննարկվել:

Եզրափակելով՝ Անդերս Ֆոգ Ռասմուսենը նշել է, որ ԵՄ-ն ունի եվրոպական խաղաղության համակարգ, որը նաև կարող է համագործակցության շրջանակ հանդիսանալ Հայաստանի և ԵՄ-ի միջև: